«Կարծում եմ՝ ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ նախ մի որոշ ժամանակ՝ 5-7 տարի, պետք է ուսումնասիրի քաղաքական գործընթացները, քաղաքական դաշտը և ձևավորի նորմալ թիմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարություններին:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկի մասին ինքը լսել է.
«Կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է, ասենք, «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի... Ես առաջարկում եմ բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին, այն է «Սասնա ծռերը», ՀՀԿ-ը, ՀՅԴ-ը, Վանեցյանը կարող են միասին հավաքվել, կարող են նաև «Վերնատան» մասնակիցներին ներգրավել»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե կազմակերպված շարժում է եղել եկեղեցու դեմ.
«Երբևիցե Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ որևիցե մի ուժ որևիցե անձնավորություն շարժում չի սկսել: Նման տեղեկությունների պարագայում ճիշտ կլիներ դրանք հրապարակել, ոչ թե վերացական բաներ ասել: Արթուր Վանեցյանը ասում է բաներ, որոնք կարծում եմ՝ գտնում է ճիշտ, որ ասի և մարդկանց մոտ համակրանք վայելի, որ մարդկանց մոտ էմոցիոնալ, ազգայնական նուրբ զգացմունքներ արթնացնի: Իր քաղաքական ընտրությունն է կարող է խոսել հայրենիք, Սփյուռք, եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն և այլն.. իր լեքսիկոն է, ազատ է, ինչ լեքսիկոնով ուզում է, թող խոսի»: