Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին:
Հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
news.am-ն է գրում ու նշում, որ այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին: Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են:
«Հետք»-ն էլ գրում է, որ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանն ասել է․ «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:
-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են
-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասել է Արուսյակ Մուրադյանը:


