▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն, այո՛, ասել է՝ պատրաստ է հանդիպել Ալիեւի հետ, բայց մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի զիջումների

«Վարչապետը, այո՛, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ հավելել, որ այդ ուղղությամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը եւ պատրաստակամություն է հայտնել գնալ, հանդիպել, խոսել Ալիեւի հետ»,- ՀԺ-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ ընդգծելով, սակայն, որ միաժամանակ վարչապետը շեշտել է, որ դրա համար պետք է մյուս կողմն էլ պատրաստ լինի զիջումների: 

Հարցին, թե արդյոք Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպման կոնկրետ հրավեր ստացե՞լ է, Գեւորգյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ ի պատասխան ՏԱՍՍ-ի լրագրողի հարցի՝ պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

Նույն հարցին ի պատասխան՝ Ալիեւն էլ ասել է, որ «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

«Մենք միշտ ենք պատրաստ հանդիպման՝ հակամարտությանը վերջ դնելու և կարգավորման ուղիներ գտնելու համար։ Բաքուն պատրաստ է ցանկացած ձևաչափով շփման»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը վերջում հավելել է, որ ինքը նման հրավեր չի ստացել:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին