▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի մեքենայի հարվածից երկու դեռահաս է մահացել. «Հրապարակ»

«Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի հարվածից մահացել են եղբայրների 16-ամյա որդիները՝ Էդուարդն ու Էդգարը, Էդուարդի քրոջ՝ Տաթևի վիճակը շատ ծանր է։ Հիվանդանոցում են նաև երեխաների հայրերը, որոնցից մեկի վիճակը նույնպես ծանր է։

 

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Եղվարդ–Երևան ավտոճանապարհին։ Դեռևս չհաստատված վարկածով, Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվային», ինչը հստակ երևում է նաև վթարի վայրից արված լուսանկարներից։ Թեև նրա մեղավորությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվում՝ թերևս միայն այն պատճառով, որ նա հայտնի դերասան է, սակայն Աշտարակում խոսում են, որ նա 160 արագության տակ է վարել մեքենան։ «Նիվայում» 6 հոգի է եղել՝ երկու եղբայրներ, որոնք իրենց երեխաների հետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից։ Վթարի հետևանքով եղբայրների 16-ամյա որդիները՝ Էդուարդն ու Էդգարը մահացել են, Էդուարդի քրոջ՝ Տաթևի վիճակը դեռևս ծանր է, նա բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ ունի։ Ապաքինվելը հրաշք կհամարվի՝ ասում են։ Հիվանդանոցում են նաև երեխաների հայրերը, որոնցից մեկի վիճակը նույնպես ծանր է, երկու վիրահատության է ենթարկվել, ողնաշարը մի քանի տեղից կոտրվել է։


Եվ մեծ է հավանականությունը, որ սայլակին գամված կմնա։ Վթարից հետո միայն Էդգարի քույրը՝ Էմման է սթափ եղել, նա գրեթե վնասվածքներ չի ստացել և մինչ օգնության ժամանելը, ինքն է փորձել եղբայրներին դուրս բերել մեքենայից։ Աղջկա ընկերուհին մեզ պատմեց, որ, ճիշտ է՝ Էմման ֆիզիկապես լավ է, դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հոգեպես չափազանց վատ վիճակում է, որովհետև տեսել է ամեն ինչ և փորձել վիրավորված եղբայրներին ու քրոջը դուրս բերել մեքենայից։

 

Առավել ծանր է Էդգարի և Էմմայի մոր վիճակը, նա կորստից կորցրել է իրեն, հոգեկան շատ ծանր վիճակում է գտնվում։ Իրենց պատկանող հարսանյաց սրահն էլ ուզում է սգո սրահի վերածել, որովհետև, իր խոսքով, իր տան լույսը մարել է, էլ ինչին է պետք հարսանյաց սրահը։

 

Շոկի մեջ են նաև բարեկամներն ու հարազատները։ Մահացած երեխաներին դեռ չեն հուղարկավորել, արտասահմանից եկող բարեկամի են սպասում։ Աշտարակցիները, որ շատ դրական էին խոսում տուժած ընտանիքի մասին, մխիթարանքի խոսքեր չէին գտնում ասելու։ Մենք էլ ենք ցավակցում զոհերի հարազատներին և խաղաղություն ենք մաղթում զոհվածների հոգիներին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին