Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
Փակեց աչքերը:Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
Ամեն բանի ինչ-որ հավելում կա: Բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են` լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:
Մեքենայում, փողոցում,աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հորինում են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար:
Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:
Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում:
Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:
Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
Ամենից շատ նա վախենում էր անհեթեթ մտքերից. դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:
Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
Լևոնը հանկարծ զզվանքով մտածեց իր գործի, իր կյանքի, թերթի մասին, որտեղ ռուբլի-ռուբլի ծախսում է կյանքը, որը, վերջին հաշվով, վիճակախաղով շահած մի գումար է:
Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը:
Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
Չկռվել, հաշտվել` նույնպես նշանակում է հանել ուսերդ այդ երկնքի տակից, որի ավելի պարզ անունը, հավանորեն, կյանք է:
Բոլոր ամուսնացածներին թվում է, թե չամուսնացածները երջանիկ են:
Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել` ձանձրալի է:
Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
Բայց մ՞իթե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
-Բաբելն ասում էր, թե մարդ ամբողջ կյանքում հիգ-վեց գիրք պիտի կարդա: Լավ գրող է Բաբելը:
-Հինգ-վեցը քիչ է:
-Չվերջացրի,-ասաց Լևոնը,-….բայց այդ հինգ-վեցը ընտրելու համար պիտի առնվազն քսան-քսանհինգ հազար կտոր կարդա…
Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
Դե օգնիր, քսաներորդ դար, բթացրու տխրության նյարդը, ուրախության հաբեր հնարիր, և թող կուլ տան մարդիկ, երբ ցավը դառնում է հազի պես անդիմադրելի:
Անցած կյանքը նման է հին ջրազացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացները կսկսեն պտտվել, ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկով:
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը` լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
Քանզի թմրել եմ ծանր մտքերի թունավորումից: Եվ սա է կյանքը:
Լռությունն եմ ես մտերիմ ընտրել, թեկուզև մարդկանց ներկայության մեջ:
Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:
Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:
Երևի, ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն նա չի: Նրան չպիտի գտնես:
Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: