Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները մի քանի ամսում ավերել են այն, ինչը տասնամյակներով կառուցվել է:
«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և նրա բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Նա մասնավորապես գրել էր. «Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»:
Կարդացեք նաև՝ Վիգեն Սարգսյանի ձեւակերպումը ինձ համար որեւէ կերպ հիմնավոր չի հնչում. Արարատ Միրզոյան