▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել են ՀՔԾ` «Մարտի մեկի» գործով հարցաքննության

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին հարցաքննության է կանչել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Այս մասին Asekose.am-ը տեղեկացել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օգանջանյանից։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի 5-ին կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու, սակայն այն չէր կայացել ոչ պատշաճ ծանուցված լինելու պատճառաբանությամբ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել շաբաթներ առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետեւյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր. «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում  հրապարակվել է ՀՔԾ-ին տված ցուցմունքը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:

Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաեւ իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ստորեւ ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը եւ տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը:

Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին