▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքը։

Խաչատուր Սուքիասյանը ծնվել է 1961 թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

1985 թ. – ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1992-1994 թթ. – աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։

1996 թ. – ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

 

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։

Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Քաղաքական գործունեություն.

1999 թ. – Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։
2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։
2009 թ. – հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

Խաչատուր Սուքիասյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։

Սուքիասյանների ընտանիքում չորս եղբայր են եւ մեկ քույր։ Խաչատուր Սուքիասյանը եղբայրներից ավագն է։ Սուքիասյանների հայրը` երջանկահիշատակ հայտնի գործարար Ալբերտ Սուքիասյանը, ծնվել է Երեւանում, իսկ մայրը ծնվել է Բաթումիում։

Ալբերտ Սուքիասյանը հայտնի էր «Գրզո» մականվամբ։ «Ես, մեծ եղբայրս եւ քույր տանը տիֆով պառկած էինք, Աստծո հույսին էինք։ Այդ ժամանակ տանը կով եւ ձի ունեինք։ Կաթնամերքը մեզ օգնում էր։ Մի օր հորեղբայրս եկավ մեզ տեսության, ես արդեն տանը ման էի գալիս, շուռ եկավ հորս ասաց. «Ազիզ, նայի այս լակոտին, ոնց որ մեր գյուղի գրզոն լինի», տանն էլ յոթ երեխա, երբ ուզում էին մեկին գժվացնեին, դա էին ասում, այդպիսով այդ մականունը  դուրս եկավ փողոց»,- մի առիթով պատմել է երջանկահիշատակ Ալբերտ Սուքիասյանը։

«Հայրս խիստ էր մեր նկատմամբ։ Ավանդական հայկական ընտանիք է։ Եղբայրներով շատ կապված ենք իրար հետ, երբ բացակայում ենք երկրից, շատ ենք կարոտում իրար։ Մենք ապրում ենք նույն շենքում ու նույն բնակարանում։Դա մեր հոր կամքն էր»,- պատմում է Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյան եղբայրները նաեւ բիզնես գործընկերներ են. հյուրանոցային, առեւտրային համալիրներ, «Սիլ պլազա», սննդի կետեր, հագուստի խանութ, կահույքի, հյութերի արտադրամաս, բանկ. այս ամենը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին