▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խամրող հաղթանակ

Դեռ մանկությանս տարիներից Մայիսի 9-ը եղել է սիրածս տոներից մեկը:
Հպարտության առանձնակի զգացումով եմ հիշել ու հիշում բոլոր այն մարդկանց, ժողովուրդներին, որոնք անձնվիրաբար պայքարեցին ֆաշիզմի, նացիզմի դեմ`կանխելով այն մեծ սպառնալիքը, որ կախված էր աշխարհի ու բազմաթիվ սերունդների գլխին:

Երիտասարդությանս տարիներին` հայ ժողովրդի համար մայիսի 9-ը մի նոր, լրացուցիչ խորհուրդ ունեցավ. ազատագրվեց Շուշին. իրադարձություն, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում:Իմ սերունդն իրական կյանքում տեսավ հերոսների, ովքեր, բազմադարյան ընդմիջումից հետո, ամենքին ապացուցեցին, որ հայը նաև հաղթող տեսակ է, խաղաղություն սիրող, բայց արժանապատվության համար մարտնչող:Սակայն, արդյո՞ք, հաղթանակը կարող է սահմանափակվել միայն ռազմի դաշտում, և ի՞նչ է իրականում հաղթանակը:

Հաղթանակն, առաջին հերթին, ենթադրում է, որ դրա արդյունքում ավելի երաշխավորված են դառնում մարդու, քաղաքացու ազատությունն ու անվտանգությունը: Հաղթանակի ռեալիզացիան` արդյունավետ պետություն ստեղծելն է, մարդու երջանկությունը, աշխատանքի իրավունքն ապահովելը:
Այս առումով` Մայիսի 9-ն իմ մոտ նաև հարցեր է ծնում, տխուր խոհերի ու հետևությունների տեղիք տալիս:

Տեսեք, Գերմանիան 20-րդ դարում երկու անգամ պարտվեց համաշխարհային պատերազմում, կապիտուլացվեց ու թվում էր` այլևս խելքի չի գա: Բայց այսօր նվաստացած Գերմանիայից ոչինչ չի մնացել. ժամանակակից Գերմանիան աշխարհի զարգացած երկրներից մեկն է, Եվրամիության շարժիչ ուժերից մեկը: Դա երկիր է, որում մարդն իրապես արժեք է:

Դա նշանակում է, որ հետպատերազմյան Գերմանիայի պետական այրերն անհրաժեշտ հետևություն են արել պատերազմի դասերից, ռազմաճակատի պարտությունը կարողացել են փոխակերպել հաղթանակի` խաղաղ ժամանակներում, հասկացել են, որ պետության իրական արժեքը` ոչ թե տոտալիտար գաղափարախոսությունն է, այլ` մարդը:

Իսկ ո՞ւր է Սովետական Միությունը, որի զավակները հերոսաբար մարտնչեցին ֆաշիզմի դեմ, ժողովուրդն անասելի զրկանքներ կրեց հաղթանակի համար:
Գոյություն չունի այդ երկիրը, որովհետև նրա քաղաքական էլիտան, իր արժեհամակարգով, ոչնչով չէր տարբերվում հիտլերագեբելսյան ռեժիմից, ըստ այդմ` ժողովրդի հաղթանակը սեփականվեց բոլշևիկյան էլիտայի կողմից:
Հաղթանակը բովանդակազրկվեց, ծառայեցվեց խորհրդային կուսակցական էլիտա կոչվածի բարեկեցությանը, բյուրոկրատական և պատժիչ համակարգի ստեղծմանը:
Պատերազմի դաշտում նացիզմին ջախջախած խորհրդային մարդը դարձավ հպատակ սեփական երկրում, դարձավ տոտալիտար մեկ այլ գաղափարախոսության` բոլշևիզմի պատանդը:

Սովետական մարդու համար Մայիսի 9-ը բովանդակազրկվեց. ազատություներից զուրկ մարդը պարտվում է, քաղաքացուն արժեք չհամարող պետությունը հեռանկար չունի: Դա է պատճառը, որ այսօր աշխարհի քարտեզի վրա չկա ԽՍՀՄ-ը, որը հաղթեց ռազմի դաշտում, սակայն նույն այդ հաղթանակի գաղափարը չռեալիզացրեց հետպատերազմյան շրջանում:

Դրան հակառակ` երկրորդ համաշխարհային պատերազմի մյուս հաղթող երկիրը` ԱՄՆ-ն, հաղթանակը ծառայեցրեց ժողովրդավարության և ազատ տնտեսության զարգացմանը, քաղաքակրթական նոր մշակույթի ձևավորմանը:
Պատահական չէ, որ այսօր ԱՄՆ-ը գերիշխող դեր ունի աշխարհում:
Գլոբալ հարթությունից, սակայն, վերադառնանք մեր իրականություն, քննարկենք ղարաբաղյան պատերազմի թեման:
Ինչի՞ շնորհիվ մենք հաղթանակ տարանք այդ պատերազմում, ո՞ր մոտիվներն էին, որ Հայաստանին ավելի շահեկան դարձրին` ավելի ռեսուրսակիր Ադրբեջանի հանդեպ:

Շատերը կնշեն արտաքին գործոնների, մասնավորապես` Ռուսաստանի աջակցության մասին:
Համենայն դեպս, սա է ամենատարածված վարկածը: Ամենատարածվածն ու` վիրավորականը:Այո, այդ օրերի մեր դիվանագիտությունն ապահովել է դրական միջավայր` պատերազմում մեր հաղթանակի համար:
Սակայն միայն դա որոշիչ չէ և դա չէ առաջնայինը:
Մենք հաղթեցինք, որովհետև մեր պետությունն որակապես բարձր էր Ադրբեջանից` բոլոր առումներով:

Հայաստանի նորանկախ հանրապետությունը ձևավորվել է հուժկու համաժողովրդական շարժման արդյունքում` համաշխարհային զարգացմանը համահունչ արժեքների, գաղափարների հիման վրա, Ադրբերջանն` իր դարն ապրած սովետական Ադրբեջանի իներցիոն շարունակությունն էր` ժամանակից հետ ընկած:
Արդյո՞ք ռազմական հաղթանակը բավարար է ԼՂ հիմնահարցը լուծելու համար:
Դժբախտաբար` ոչ:
Դարձյալ կրկնեմ նույն ճշմարտությունը` հաղթանակն անհրաժեշտ է վերածել ինստիտուցիոնալ արժեքի, ստեղծել նոր որակի, մրցունակ պետություն, որի գլխավոր հարստութունը քաղաքացին է:
Այս առումով` մենք թերացել ենք, հանցավոր անտարբերություն ենք ցուցաբերել:

Մեր պարագայում նույնպես` իշխանության էլիտան հաղթանակը ծառայեցրեց իր կլանային հետաքրքրություններին, հարստացմանը, ժողովրդին նվաստացնելուն:
Ղարաբաղի խնդրի գռեհիկ շահարկմամբ` Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները ընտրություն են կեղծում, հաշվեհարդար են տեսնում ընդդիմախոսների հանդեպ, հարստություններ կուտակում, մոնոպոլիաներ ստեղծում:

Հաղթանակը խամրում է, և բնավ պատահական չէ, որ ԼՂ խնդրի կարգավորման միջազգային օրակարգում հաճախ լսելի են դառնում ոչ թե ղարաբաղցին, նրա ինքնորոշման արդար պահանջը, այլ` ադրբեջանական նավթադոլարները:
Եթե ուզում ենք իրապես արժևորել մեր նահատակ եղբայրների հիշատակը, ռազմական հաղթանակը` վերածենք դիվանագիտականի, օր առաջ պետք է կառուցենք պետություն, որի գլխավոր հարստությունը մարդն է, որին էլ ծառայեցվում են բոլոր հաղթնակաները:
Սա է մայիսի 9-ի խորհուրդը:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին