Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը։
Ռուսաստանը, որը, արտգործնախարարի խոսքով, Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ:
«Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և շատ մեծ չեն։ Տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, նախապատրաստվում է փոքր թվով ձերբակալվածների փոխանակում, բայց գործընթացը գնում է։ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սերտ և բարեկամաբար աշխատում են իրար հետ։ Այս տարի արտգործնախարարներն արդեն երեք անգամ հանդիպել են, այդ թվում՝ ապրիլին՝ իմ մասնակցությամբ, համանախագահների հետ անցկացրել ենք արտգործնախարարների հանդիպում։ Սակայն քաղաքական գործընթացը արգելակված է, առայժմ չի ստացվում տեղից շարժել», - ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ Լավրովը նշել է նաև, որ որևէ ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ չի տեսնում խոշոր մարտական գործողությունների վերսկսման համար։
«Մենք կանենք ամեն ինչ, որ նման բան տեղի չունենա»:
Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև այն փաստին, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:
«Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - Սոչիում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։