▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յար և նման խայտառակութիին

Ա

Այսօր արդէն իսկ փաստ է, որ ՄԱԿ-ի 68-րդ գերաստիճանի առաջին օրւան իսկ բարձր ամբիոնից ելոյթ ունեցող ԻԻՀ նախագահ դոկտ. Ռոհանիին վարկաբեկելու երկակի փորձերը (դահլիճը լքած իսրայէլական ներկայացուցիչների թափուր աթոռները եւ դահլիճից դուրս՝ միտինգաւորների պիկետը), հակառակ ազդեցութեամբ աւելիով ինքնավարկաբեկեցին հէնց վերջիններին...

Այո, Նիւեօրքեան, այն էլ ՄԱԿ-ի շէնքի առջեւ միտինգ անելը արգելւած չէ, նոյնիսկ Իրանի ազգային-պետական շահերին ընդդիմութեամբ յայտնի «մոջահեդին խալղ» տեռորիստական «ակտիւիստների» համար, որոնք իրենց միտինգը բովանդակել էին նախագահ Ռոհանիի գայլակերպ պաստառներով,

Այո, ՄԱԿ-ում Իսրայէլի դեսպանները իրաւասու էին թողնել դահլիճը՝ (ի դէպ՝ միակ երկիրը), իրենց իսկ վարչապետ Նաթանիահուի բնութագրմամբ «գառան մորթ հագած գայլ» Ռոհանիի ելոյթին ներկայ չլինելու մտօք,

Եւ երիցս այո՛, միշտ չէ, որ նման ազատութիւնն ու իրաւասութիւնը ցանկալի կերպով են արդիւնաւորւում «գայլային ժանիքների» տեսարաններ ստեղծողների համար:

Ահաւասիկ, այսօր այլեւս փաստ է եւ արձանագրելի՝ յաչս համաշխարհային հանրութեան ռոհանիական «կոալիցիա՝ հաշտութեան եւ խաղաղութեան սիրոյն» պատգամը, յար եւ նման խաթամիական «Քաղաքակրթութիւնների երկխօսութեան», թէպէտ կրտսեր Բուշի ռազմատենչ յիմարաբանութիւնները հետագային տուրք տւեցին Հանթինգտոնեան «քաղաքակրթութիւնների  բախման» պատգամին…

* * *

Բ

Օրերս նաեւ ԵԽԽՎ-ում (Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողով) Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը հանդէս եկաւ ելոյթով եւ այդ բարձր ամբիոնից վերահաստատեց հայութեան եւ Հայաստանի Հանրապետութեան անհերքելի իրաւունքները՝ Համազգային նշանակութեան հիմնահարցերի՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան պահանջատիրութեան կապակցութեամբ: ԵԽԽՎ-ում Հայաստանեան խորհրդարանական խմբակցութեան անդամ, «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը ՀՀ նախագահի ելոյթից յետոյ «Հարցեր է ուղղում» սեփական երկրի ղեկավարին, վերջնիս անձնական-անհատական «արատները» թւարկելով, իբր նա (ՀՀ նախագահը) Եւրոպաներ այցելելիս կազինոներում 60-70 միլիոն եւրոներ է մսխում...

Պատկերացնելի է, չէ՞, նոյն ԵԽԽՎ-ում ներկայ ադրբեջանական խորհրդարանականների հրճւանքը՝ փոստանջեանական «քաջագործութեան» ի տես..., որից էլ կրկնակի խրախուսւած՝ ադրբեջանցիներից մէկը ՀՀ նախագահին է ուղղում մշտական զառանցանքը՝ Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացման մասին: Ի դէպ, ԵԽԽՎ-ի շէնքի դիմաց մի քանի տասնեակ ցուցարարներ վանկարկում էին՝ «Սերժիկ հեռացիր»..., յար եւ նման վերում նշւած նիւեօրքեան հակաիրան ցուցարարների «քաջագործութիւնների»...

Տիկին Փոստանջեանի արարքը, առաւել եւս, երբ իր վրայ կրում է «ժողովրդի պատգամաւորի» անունը, այլ կերպ քան մեղմ ասած՝ խայտառակութիւն հնարաւոր չէ բնութագրել:

ԵԽԽՎ-ի ամբիոնն Երեւանեան օպերայի հրապարակի «վերածելը» ապացոյցն է, ցաւօք, հայ պատգամաւորի ազգային, պետական եւ առաւել եւս համազգային ու համահայկական (նոյնիսկ կուսակցական) տարողութիւնից ու գիտակցութիւնից պարպւելու եւ խմբակցային բարդոյթներին լոկ տուրք տալու մասին:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին