▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուրը թող իրեն հարց տա

Այս օրերին զանգվածային հավաքներին մասնակցող յուրաքանչյուր անձ փողոց դուրս գալուց առաջ կամ ֆեյսբուքում գրառում և մեկնաբանություն գրելուց առաջ իրեն պետք է հարց տա. «սա ի՞մ պայքարն է, թե ոչ»: Դրա համար պետք է հստակ պատկերացում լինի, թե ինչի կամ ում դեմ է նա դուրս գալիս պայքարի, ում ինչ կոչով է դիմում, ումից կամ որտեղից ինչ է ակնկալում։

Որովհետև եթե մարդ չի իրականացնում իր սեփական նպատակները, նա սկսում է իրականացնել ուրիշի նպատակները։ Տվյալ դեպքում այդ ուրիշը կարող է լինել հավաքի կազմակերպիչը՝ քաղաքական կամ քաղաքացիական որևէ ուժ, ում նպատակն ընդամենը շատ մարդ փողոց հանելն է, կամ ոստիկանությունը, որը նպատակ ունի պահպանել հասարակական կարգը՝ ԱՆԿԱԽ այն բանից, թե ինչի համար են մարդիկ հավաքվել և այլն։ Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ հավաքում կային մարդիկ, ովքեր եկել էին ոստիկանների վրա քար նետելու և հայհոյելու համար միայն։
Միավորվելն, իհարկե, լավ բան է, բայց այն դեպքում, եթե առաջացած խնդիրը մեկ կամ մի քանի հոգու բան չէ, այլ կլուծվի, եթե հարյուրավոր մարդիկ հավաքվեն։ Չեմ կարծում, որ քննությունն ու դատավարությունն առհասարակ ավելի արդար կանցնեն, եթե այդ պահին փողոցում մարդիկ լինեին կանգնած։ Եվ չեմ կարծում, որ ռուսական իշխանությունները կվախենան մեզանից և հարամություն չեն անի, եթե որոշել են անեն։ Բայց չեմ էլ կարծում, որ որոշել են հարամություն անել։ Այդպես մտածելու հիմքեր դեռ չկան։ 
Հենց լինեն՝ գնում ենք փողոց։ Այդ հավաքները կազմակերպողներին պետք է հարցնել՝ իրենք ինչ-որ նոր տեղեկություններ ունե՞ն, որ թաքցնում են մեզանից։ Եթե ունեն՝ թող ասեն, եթե չունեն՝ թող մարդկանց անիմաստ փողոց չհանեն, առնվազն ազնիվ չի։

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին