▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողին համածառայակիցները ստորացրել են` ստիպելով զինվորական աթոռակի վրա դհոլ խփել

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մի քանի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 զինծառայող այժմ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիս) դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ հունվարի 18-ին կմեկնարկի ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներ Շահեն Հունանյանի, Արմեն Բարեղամյանի, Մարզպետ Կարապետյանի, Թելման Ավչոյանի, Դավիթ Բեկլարյանի գործով դատաքննությունը: Նույն գործի նախաքննությունն իրականացրել է Ասկերանի կայազորի զինվորական դատախազությունը:


Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, Շահեն Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանր համար, որ 2011թ. դեկտեմբերի վերջերին, վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող Արմեն Բարեղամյանի հետ և վեճի ընթացքում բռնություն գործադրելով հարվածներ է հասցրել Բարեղամյանի մարմնի տարբեր մասերին: Այս մասին գրում է Պանորամա.am-ը:

Արմեն Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. դեկտեմբերի վերջերին վիճաբանության մեջ է մտել Շահեն Հունանյանի հետ ու խախտելով ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, բռնություն գորածդրելով քաշքշել և հարվածներ է հասցրել Հունանյանի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի վերջերին համածառայող Մարզպետ Կարապետյանի հետ միասին վաշտի զինվորների ներկայությամբ ստորացրել են Հրաչ Խլղաթյանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել, ծաղրուծանակի ենթարկելով, նրա կամքին հակառակ ստիպել են զինվորական աթոռակի վրա դհոլ խփել:

Իր հերթին Մարզպետ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ, դեկտեմբերի վերջերին համածառայող` Ա. Բարեղամյանի հետ միասին վաշտի զինվորների ներկայությամբ ստորացրել են Հրաչ Խլղաթյանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել, ծաղրուծանակի ենթարկելով,նրա կամքին հակառակ ստիպել են զինվորական աթոռակի վրա դհոլ խփել:

Նրանց մյուս համածառայակիցներ Թելման Ավչոյանը և Դավիթ Բեկլարյանը ևս վիրավորել են Խլղաթյանին, բայց արդեն 2012-ի փետրվարին և այդ երկու գործերը կցվել են իրար: Այսպես. Թելման Ավչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի փետրվարի 18-ին,ժամը 15-ի սահմաններում,անպարկեշտ ձևով ստորացնելով շարքային Հրաչ Խլղաթյանի պատիվն ու արժանապատվությունը հայհոյանքներ է տվել և մեկ անգամ ապտակել է նրան` վիրավորանք հասցնելով Հրաչին: Նույն արարքը կատարելու համար մեղադրվում է նաև Դավիթ Բեկլարյանը

Այս գործով անցնող զինծառայողները մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով` «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»:

Այս արարքը Քրեական օրենսգրքով պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին