Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակագլուխ անգղի զննության, այդ թվում, ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է շուրջ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ: Հրազենային վնասվածքներ առկա չեն: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից։
Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ՝ նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը, ցավոք, զրոյական է:
Հիշեցնենք. ՀՀ Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակից Ա.Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ Բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ՝ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա՝ տեղափոխել իր բնակարան:
Տեղեկատվությունն անմիջապես փոխանցվել է ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում՝ Երևանի կենդանաբանական այգու մասնագետների ցուցումներով,տեսչական մարմնի և Տավուշի մարզի ՌՈ աշխատակիցների կողմից արագ իրականացվել է թռչնի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ բուժական օգնություն ստանալու:
Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված կլինիկայում տեղի և արտասահմանյան մասնագետների կողմից անգղին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: