▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 զոհ, 3 վիրավոր. Բերդ-Իջևան ավտոճանապարհին հակառակորդը կրակ է բացել զինվորական շարասյան վրա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 13-14-ի սահմաններում Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more