«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամիս է, ինչ Արցախը ստացել է լիակատար ազատություն: Արցախը հիմա կախված չէ ոչ Հայաստանից, ոչ սփյուռքից, առհասարակ, ոչ Ռուսաստանից, ոչ էլ միջազգային հանրություն կոչեցյալից: 100 տարվա մեջ առաջին անգամ Արցախը լիարժեք ազատ է: Այս ազատությունն, անշուշտ, էականորեն տարբերվում է ազատության մասին մարդկանց մեծամասնության պատկերացումներից, բայց դա փաստը չի փոխում:
Հենց հիմա է Արցախը տրված ինքն իրեն: Եթե դիմացավ, կդիմանա ինքնուրույն, եթե չդիմացավ, կտապալվի նույնպես ինքնուրույն: Մենք` Արցախից դուրս գտնվողներս, առնվազն տվյալ պահին իրավիճակի վրա ազդելու լծակ չունենք:
Ցավոք, ակներև է նաև, որ այս ազատությունը դուրս է բերել բազմաթիվ արատավոր երևույթներ, որ կային մեր մեջ: Ո՞վ կմտածեր, որ տոտալ բլոկադայի պայմաններում կհայտնվեն մարդիկ, որ աթոռակռվով կզբաղվեն, ընդ որում իրենց աթոռակռվին որպես հենարան կներգրավեն հակառակորդին: Սա անշուշտ ազատությանը բնորոշ կողմնակի էֆեկտներից մեկն է, սակայն ազատությունը նաև ամենաամուր հասարակություն ստեղծելու հենասյունն է, և այս մարտահրավերն ունի իր մեջ նման հնարավորություն: Օրինակ, Հայաստանը դեռ այդ հնարավորությունը չունի: Պարադոքսալ կհնչի, բայց Արցախն էս պահին անկախ է Հայաստանից, բայց Հայաստանն անկախ չէ Արցախից (հուսով եմ` չի էլ անկախանա):
Միանշանակ կարող եմ ասել այն, որ արցախցու փոխարեն ոչ մեկ Արցախը չի կարողանա փրկել: Իսկ փրկության համար անհրաժեշտ է միայն կամք: Կամք է պետք առաջին հերթին միացնելու բանականությունը, իսկ երկրորդ հերթին ի կատար ածելու` բանականության կողմից թելադրված քայլերը: Շատերս ենք հաճախ իմանում, որն ա ճիշտը, բայց քչերն են բավարար կամք ունենում այդ ճիշտն անելու, մանավանդ, երբ դրա հետևանքով կորցնելու ես ընկերներիդ, բարեկամներիդ, ապահով կյանքը, դառնալու ես հալածանքի թիրախ ու չես ունենալու որևէ անձնական բարեկեցության երաշխիք: Այլ կերպ ասած` ազատ մարդ ես դառնալու: Ուղղակի, եթե Արցախին ազատություն է «պարգևել» Ադրբեջանական շրջափակումը, ապա արցախցուն ազատություն կարա տա միայն բանականությունը՝ Աստված:
Ընդ որում, այստեղից ուշադիր հետևելով, ես տեսնում եմ այդ բանականության ծիլերը, թեպետ պետք է նաև նշեմ, որ դրանք շատ են փխրուն ու հազվագյուտ, իսկ այս ծիլերը տրորողների քանակն ու ցանկությունը ահռելի է: Նման իրավիճակներում այլ ելք չի մնում, քան ապավինել բանականության կամքին: Ես էլ թերևս փորձեմ իմ փայ ներդրումն ունենալ:
Ստորև փակցված Միքելանջելոյի հանրահայտ պատկերը կոչվում է «Ադամի արարում», իրականում այս պատկերը հակառակի մասին է, սա ըստ էության աստծո արարումն է: Աստվածն ու յուր հրեշտակները այստեղ անշեղորեն կրկնում են մարդու ուղեղի կառուցվածքը: Ուղեղ, որը մարմնավորում է «բանը», այն բանը, որ սկզբից էր, բանը, որ Աստծու մոտ էր, բանը, որ Աստված էր, ինչպես ասված է Հովհաննեսի ավետարանի առաջին իսկ տողերից: Ադամն այստեղ պատկերված է որպես ինքնագոհ ու ծույլ մարդ, ով բավարար կամք չի դրսևորում, որպեսզի միանա Աստծուն, թեպետ իրենից պահանջվում է ընդամենը մեկ մատի հպում:
Քանի որ հայկական աստվածաշունչը համարվում է «թարգմանությունների թագուհի», ի տարբերություն գրեթե ողջ աշխարհի, մեզ աստվածաշնչյան իմաստության շատ ավելի ստույգ պատկերն է տրված: Մինչ բոլորի մոտ հունարեն «լոգոս» բառը թարգմանված է որպես «բառ», մեզ մոտ այն թարգմանված է որպես «բան» ու թեպետ «լոգոսը» նաև նշանակում է «բառ» իր հիմնական նշանակությունը բանն է, բանականությունը՝ ԼՈԳԻ-կան:
Անշուշտ բառամթերքի օգտագործումը մարդ արարածի կյանքում վկայեց բանականության առկայության մասին, սակայն ի սկզբանե էր բանականությունը և դրանից հետո էր բառը՝ բառամթերքը: Մարդը սկզբից սկսեց մտածել հետո նոր խոսել, ինչը ոչ միայն շատ կարևոր խրատ է ցանկացածիս համար, այլ նաև աշխարհը հասկանալու սկզբնակետ: Ավելին՝ Հովհաննեսի ավետարանի այս առաջին տողը նաև այլաբանորեն կրկնվում է հին կտակարանի առաջին տողում, որի հայերեն թարգմանությունը ցավոք ոչ այնքան ստույգ է, որքան` Հովհ 1:1-ը (դե մնացած լեզուներինն էլ առավել ևս):
Ծննդոց գիրքը սկսվում է հետևալ նախադասությամբ՝ «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը»: Եբրայերեն «բնօրինակում» ստեղծել բայը թարգմանվել է «ברא» (կարդացվում է երկու ձև՝ «քալ» կամ «փիել») բառից, որն ունի երկու նշանակություն` «քալ» նշանակում է ստեղծել, իսկ «փիելը»՝ տարանջատել, բաժանել: Ընդ որում, Եզեկելի 23:47-ում նույն բառը թարգմանվել է որպես «քարկոծել» (այսինքն քարերով կտոր կտոր անել՝ բաժանել), տարանջատելու իմաստով է այդ բառը թարգմանվել նաև Թագավորությունների Ա գրքի 2:29-ում: Այս բառի շատ կարևոր տարընթերցումն ըստ երևույթի առաջացել է, քանի որ հին կտակարանի եբրայերեն բնօրինակ չկա: Այսօրվա եբրայերեն տեքստերը թարգմանվել են հունարենից արամեերեն, իսկ հետո նոր եբրայերեն, քանի որ բնօրինակները կորսվել էին, իսկ տեքստերը պահպանվել էին միայն հին հունարենով:
Սեմական մեկ այլ լեզվով՝ արաբերենով, գրված մեկ այլ սուրբ գիրքը՝ Ղուրանը, շատ ավելի հստակ է պատմում աշխարհի արարման մասին: Ղուրանի 21:30-ում ասված է, որ աշխարհը ստեղծելուց Ալլահը հրամայել է աշխարհին բաժանվել իրարից՝ երկինքը, երկրից և այլն...
Այսինքն աստվածն առաջացել է այն պահին, երբ ինչ-որ մարդիկ հասկացան, որ երկիրն ու երկինքը նույն բանը չեն, երբ ամեն մեկին մի անուն տվեցին՝ մի բառ: Հենց այդ պահին առաջացավ բանականությունն ու, թեև այն հասու չէր բոլորին, այն միևնույն է կար ու ցանկացած մարդ կարող էր միանալ այդ բանականությանը, եթե իրականությունը գիտակցելու կամք դրսևորեր, մատի պայմանական մեկ հպում էր անհրաժեշտ: Պետք էր ընդամենը տեսնել, որ երկինքն ու երկիրը նույն բանը չեն:
Ավելին, քրիստոնեական դոկտրինը մեզ բոլորիս հնարավորություն է տվել Աստծուն գտնել (այսինքն կպնել բանականության գլոբալ ցանցին) անկախ նրանից, թե որքան ժամանակ ես անաստված եղել: Այսինքն, մարդ կարող էր տասնամյակներ շարունակ չտեսներ, կամ ըստ էության չուզենար տեսնել, որ երկիրն ու երկինքը տարբեր բաներ են, բայց հենց ցանկությունը ունենար ու ԱՊԱՇԽԱՐԵՐ, նրան տրվում էր թողություն՝ թույլտվություն միանալ բանականությանը, այսինքն` Աստծուն: Այսինքն ապաշխարելը վայֆայի գաղտնաբառի պես բան է, հավաքում ես ու կպնում տեղեկատվության անծայրածիր աշխարհին:
Իմիջայլոց ապաշխարել բառը հայրերեն փայլուն թարգմանված հունարեն «մետանոմիա» բառն է, որը գրեթե բոլոր մնացած լեզուներով շատ թյուր իմաստով է թարգմանված: Ապաշխարել բառը անգլերեն թարգմանել են որպես «repent», իսկ ռուսերեն «каяться», երկու տարբերակն էլ նույն իմաստն ունեն, որը սակայն հունարեն բնօրինակի հետ շատ փոքր կապ ունի: Մետանոմիա նշանակում է նոր կամ այլ՝ մետա, մտածողություն՝ նոմիա: Այսինքն մետանոմիան նշանակում է նոր մտածողություն ձեռք բերել, աշխարհիկ մտածողությունից ազատվել, ասել է թե ապ-աշխարել, կոպիտ ասած` խելքը գլուխը հավաքել կամ կպնել վայֆային: Ու եթե մարդուն խելքը գլուխը հավաքելու համար պետք է մեղքերը խոստովանել, ներողություն խնդրել, թող դա անի, եթե պետք է մեդիտացիա անի, աղոթքի տեսքով կարա դա անի, տո կարա գլուխը ամիսներով պատին տա, եթե դա էլ կօգնի: Կարևորը վայֆայի «գաղտնաբառը» հավաքելն է՝ նոր մտածելակերպ ձեռք բերելը: Սրա համար ինքնախարազանումը չէ պարտադիր պայմանը, պարտադիրը միայն կամքն է, մեկ մատի հպումը, իսկ թե ոնց ես դու դրան հասնում, դա քո պրոբլեմն է, քրիստոնեությունն ընդամենը կարող է խորհուրդով օգնել: Սրա մասին է Մատթևոսը գրում 7:7-ում՝ «Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ»:
Ցավոք սարսափելի քիչ են մարդիկ, որ խնդրում, փնտրում կամ բախում են: Պատճառն էլ պարզ է՝ մթության մեջ ապրելը ավելի հեշտ է: Ավելի հեշտ է մտածել, որ Աստվածն ամպերի վրա նստա մեծ սպիտակ մորուքով պապիկ է, ով օգնում է լավ մարդկանց ու պատժում վատերին, իսկ երեք տարեկան անմեղ երեխաները քաղցկեղ են ունենում ու մահանում, որտև... ըըըը... «անքննելի են Աստծո ճանապարհները»: Ավելի հեշտ ա ապրել, կարծելով, որ կարող ես ամեն շաբաթ նույն մեղքը գործես ու կիրակի օրը, 3 ժամ եկեղեցում նստելով, ներվես ու մաքրվես այդ ամենից:
Մարմնավաճառի համար ավելի հեշտ է կարծել, որ, մոմ վառելով, նա նվազեցնում է այդ օրը (ավելի շուտ գիշերը) կլիենտից «բուկետ» բռնելու հավանականությունը (սա իրական պատմություն է): Գողցողի համար ավելի հեշտ է մտածել, որ, մոմ վառելով, նա նվազեցնում է այդ գիշերը մլիցեքի (բնօրինակում՝ բ*զերի) կողմից բռնվելու շանսերը (սա նույնպես իրական պատմություն է): Ավելի հեշտ է սեփական կամքն օտարել ուրիշին, տվյալ դեպքում` Աստծուն և ապրել կենդանու պես, մտածելով, որ քեզանից ոչինչ կախված չէ: Վերջիվերջո ո՞ր մի կենդանին է գիտակցում, որ երկինքն ու երկիրը տարբեր բաներ են: Շատ ավելի դժվար է ապրել, իմանալով, որ Աստված աշխարհի հավաքական բանականությունն է, որին դու կարող ես կպնել և կրել քո բոլոր որոշումների ու քայլերի պատասխանատվությունը, բայց նաև ստանալ գիտակցված որոշումներ կայացնելու հնարավորություն, գոյատևելու փոխարեն ստանալով ապրելու հնարավորություն:
Ավելի դժվար է ապրել, իմանալով, որ «բուկետ» չբռնելու համար պետք է պաշտպանվես, ու որ լավագույն պաշտպանվելու ձևը մարմնավաճառ չլինելն է ու առհասարակ հավատարիմ լինելը: Ավելի ծանր է ապրել, իմանալով, որ մլիցեքի ձեռից հեռու մնալու համար պիտի ուղեղդ աշխատացնես ու առհասարակ լավ կլինի չգողանաս: Ծանր է ընդունել, որ բ*զը բռնողը չի է՜, այլ գողացողն է: Ընդ որում, հասկանալը ծանր չէ, սա պարզունակ է, ինչպես երկիրը երկնքից տարանջատելը, ծանրը իրականությունը ընդունելն է: Ծանր է մեղքի բեռը գիտակցել, սեփական ուղեղը աշխատացնել: Ընդ որում, այս պարզ ճշմարտությունը գիտի, թե մարմնավաճառը, թե գողացողը և թե մնացածը: Սա իմանալու համար հանճար պետք չէ լինել, պետք է ընդամենն ուղեղ ունենալ:
Երբ Շուշիում մարտեր էին ընթանում, Արցախի իշխանություններն ինչ-որ անհասկանալի որոշում էին կայացրել Ստեփանակերտը էվակուացնելու: Անհասկանալի էր այն, քանի որ Ստեփանակերտում այդ պահին էվակուացնելու մարդ չկար: Այդ ժամերին Աղդամում առաջնագծում մեզ լուր հասավ, որ «ադրբեջանցիք մտել են Ստեփանակերտ»: Հասկանալով, որ Աղդամ պահելը, մեղմ ասած, իմաստազուրկ ա դառնում, ես ու Konstantinը գնացինք Ստեփանակերտ իրավիճակը ճշտելու համար: Մ-12 մայրուղու (Հասանաբադի) խաչմերուկից սկսած` ճանապարհը անանցանելի էր: Հինգ գծով ավտոները փախնում էին դեպի Մարտակերտ, որ հետո Վարդենիսով դուրս գան: Ավտոներում հիմնականում մարտունակ տղամարդիկ էին, որովհետև, կրկնում եմ՝ այդ պահին Ստեփանակերտում կին ու երեխա չէր մնացել, էվակուցանելու բան չկար: Բնական է Շուշիի մատույցներում մարտնչող տղամարդիկ նույնպես, լսելով Ստեփանակերտի էվակուացիայի մասին, մտածեցին, որ ադրբեջանցիք արդեն իրենց թիկունքում են, ու տրամաբանորեն սկսեցին լքել դիրքերը, ինչն էլ ենթադրում եմ բուն «էվակուացիայի» իրական նպատակն էր, նույն կերպ էին «էվակուացվել» բոլոր մնացած դիրքերն ու բնակավայրերը` Զանգելանից մինչև Հադրութ:
Խաչմերուկից մինչև Ստեփանակերտի կենտրոն ընկած 8 կիլոմետրանոց հատվածը, որն առհասարակ 10 րոպեի ճանապարհ է, մենք հաղթահարեցինք 2 ժամ 40 րոպեում: Հասնելով Բալասանյան Վիտալիի գրասենյակ` տեսանք` ոնց են մարդիկ զանգեր ստանում Շուշվա դիրքերից` խնդրելով իրենց դուրս բերել «շրջափակումից»: Բալասանյանը բավականին հանդարտ կեցվածքով նստած էր աթոռին, վրան մի մոխրագույն սավան էր փռված, քանի որ վարսավիրը կանտովկեն էր դզում: Հարդարումն ավարտելուն պես Բալասանյանի ու ևս մի քանի հուգո հետ նստեցինք իր առանձնասենյակում:
Մեր ճշգրտող հարցերին ի պատասխան Բալասանյանն ասաց, որ Շուշին կորսված է (նոյեմբերի 6-ն էր), որ միակ բանը, որ կարելի է հիմա անել դա քաղաքը հողին հավասարեցնելն է (Իսկանդեռի նախերգանքն էր), մանավանդ, որ այն միշտ եղել է շատ «դժբախտ ու անիծված տեղ» (մեջբերում եմ բառացիորեն` ծանոթ արտահայտություն է, չէ՞): Այնուհետև նա մեզ պատմեց, որ հանդիպել է այդ «դուռակի» հետ (Նիկոլի մասին էր խոսքը) և հայտնել նրան, որ նա ամեն ինչ տանուլ է տվել և պետք է ստորագրի ցանկացած փաստաթուղթ, որը պատերազմը կկանգնեցնի: Դիմելով անձամբ ինձ` նա ասեց՝ «եթե հետը կապ ունես, դու էլ խոսա, ասա, որ ինչ տալիս են, ստորագրի»: Բալասանյանն այնուհետև ներկայացրեց իր պլանը, որը կայանում էր նրանում, որ կապիտուլյացիան Նիկոլի կողմից ստորագրվելուց 10 օր հետո, Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը կհեռանան, իսկ մենք կսկսենք հակագրոհը, թվով 700 մանր դիվերսիոն խմբերով, որոնք կազմված կլինեին 3-4 հոգուց...
Ընդհատելով այդ հանճարեղ մարտավարական պլանը` ես հարցրեցի՝ «պարոն գեներալ, իսկ եթե Փաշինյանը չհեռանա՞»... Բալասանյանը առանձնահատուկ ինքավստահությամբ սկսեց աչքով ունքով բացատրել, որ ամեն ինչ որոշված է, Նիկոլը գնալու է... Այ էդ պահին ես զգացի` ոնց իմ աշխարհը փլուզվեց: Դեմս նստած էր մի մարդ, ում ես հերոս էի համարում, ով փաստացի ասում էր, որ 9 պաշտպանական շրջանից 2-ը կորսված են, երրորդը մասամբ է կորսված, ու որ դա հետ բերելու համար բոլոր 9-ը պետք է առանց կրակոցի տանք, որ հետո հետ վերցնենք, երբ Նիկոլը գնա... Իսկ գնալու է նա, «որտև տենց ա, ոբշեմ»: Էդ պահին նայեցի Կոստյային, որ ջոգեմ կարող ա գժվել եմ ու մենակ ես եմ սա լսում: Կոստյան նույնպես շշմած ինձ էր նայում: Սենյակում նստած ևս երկու գեներալները Վիտոյի պես անհաղորդ վստահությամբ էին լի:
Գրասենյակում մի քանի ժամ տրանսի մեջ նստում եմ, արանքում տեսնում եմ` ոնց ա Արցախի ողջ ռազմաքաղաքական էլիտան գնում գալիս Վիտոյի մոտ, դուրս եմ գալիս, զանգում եմ Երևան ու թելադրում մի տեքստ, որը պիտի տեղադրվեր Ադեկվադի էջում: Նոյեմբերի 7-ին հրապարակված տեքստում խնդրում, աղերսում եմ, որ Նիկոլը ոչ մի բան չստորագրի: Դա ասում էի, ոչ թե Երևանում դիվանի վրա նստած, ոչ թե Ստեփանակերտում արդեն թափ թազա ռուսական համազգեստով (իմիջիայլոց) լռվցրած, այլ որպես մարդ, ում եղբայրներն այդ պահին առաջին գծում հրետակոծման տակ էին ու այդ պահին միայն մեր դիրքում արդեն 7 վիրավոր կար: Այսինքն չստորավգրելու դեպքում ես ու իմ եղբայրները պիտի մեռնեինք: Ես պահանջում էի չստորագրել, որ հետո, եթե ստորագրողին հարցնեն՝ «խի՞ չես ստորագրել», օրինակ իմ պահանջը դեմ տա: Ի տարբերություն ստորագրելը թաքուն պահանջողներին, ես իմ չստորագրելու պահանջը հրապարակել էի...
Ստորագրեց: Անցավ 10 օր, Նիկոլը չգնաց, ավելին, Բալասանյանի կոլեգա Գասպարյան Օնիկը հայտարարեց, որ ամեն ինչ պետք է ընթանա սահմանադրական ճանապարհով, իսկ Բալասանյանը հակագրոհ կազմակերպելու փոխարեն պաշտոն ստացավ: Եվս 10 օր անց Նիկոլը էլի չգնաց, դրա փոխարեն Վլադիմիր Պուտինը հարցազրույց տվեց, որտեղ ասեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ Նիկոլը դավաճան չէ: Եվս 10 օր անց Նիկոլը դեռ չէր գնում, իսկ «ընդդիմության» առաջնորդները պնդում էին, որ կապիտուլյացիոն համաձայնագիրը միակ աշխատող տարբերակն է: Անցնում է 20 հատ 10 օր, Նիկոլը գնալու փոխարեն զարմանալիորեն վերընտրվում է, իր ցինիզմով անգերազանցելի մի աբսուրդի թատրոնի արդյունքում:
Եսիմ քանի տասնօրյակ էլ է անցնում, ընթացքում Ստեփանակերտում պարբերաբար դատապարտում են Եվրոպացիներին, Պուտինի հսկա պորտրետն են ման տալիս քաղաքով, հետո գազն է կտրվում, Փառուխն են հանձնում, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածում, որում փաստացի նույնականացվում է Խերսոնի «ինքնորոշումը» ու Արցախինը, Ադրբեջանը փակում է Լաչինը, բայց ասում է, որ փակ չէ, ՌԴ-ն ու Արցախի իշխանությունները ասում են, որ մասնակի է փակ, և որ բացման համար ռուս խաղաղապահներին մանդատ է պետք, որը ստանալու համար սակայն նրանք որևիցե քայլ չեն ուզում ձեռնարկել: Իսկ Արցախի ԱԺ նախագահը պնդում է, որ ճգնաժամը կարելի է հաղթահարել ընտրություններով, ըստ էության արձանագրելով, որ եթե Արցախում լինի «ընդունելի» ղեկավար, բլոկադան կբացվի: Իսկ երբ պարզվում է, որ «անընդունելի» ղեկավարը չի ուզում հրաժարական տա, նույն ԱԺ նախագահը պնդում է, որ հիմա ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ...
Հիմա ես չեմ դուք եք, արդյո՞ք պետք է հանճար լինել, աստրոֆիզիկոս լինել, եբրայերեն ու հին հունարեն իմանալ, որպեսզի հասկանալ, որ եթե ռուսներին պետք էր Նիկոլին հեռացնել, նրանք դա անելու 12,000 տարբեր միջոց ունեին, որոնց համար Արցախը հանձնելը հեչ պարտադիր չէր: Ըստ Վիտալի Բալասանյանի (և բազմաթիվ այլոց) բանականության, ռուսները ուզում էին Նիկոլին հանեին, բայց դա չէին կարող անել, քանի դեռ Արցախը հանձնված չէ... Անհասկանալի է մնում, թե ինչու՞ այդ դեպքում հանձնելուց հետո Մոսկվան Նիկոլին, չգիտես խի, հռչակեց չդավաճան ու կարգին տղամարդ: Ըստ իս, եթե ինչ-որ մեկին ուզում ես հեռացնել, իրեն նախ և առաջ չես գովերգում, սա ակնհայտ է, ինչպես երկիրն է տարբերվում երկնքից:
Ստեղ հարցը սխալը չէ, անսխալական մարդ չկա, դրա վառ օրինակը հենց ես եմ ու հենց Վիտոյի մասով: Խնդիրը նրանում է, որ, իր գրասենյակը հայկական եկեղեցիների մակետներով զարդարած այդ «աստվածավախ» մարդը, մինչ օրս չի փորձել բացատրել վերոհիշյալ տրամաբանական կազուսը, չի փորձել ապաշխարել: Ոչ նա է դա արել, ոչ էլ բազմաթիվ այն մարդիկ, որ այս աղետի համար ոչ պակաս պատասխանատու են, քան Նիկոլը:
Մինչ օրս Վիտոն ու իր նմանները նայում են երկնքին ու երկրին ու ասում են, որ բան չեն տեսնում: Իրենց մոտ Աստվածը դեռ աշխարհը չի ստեղծել/առանձնացրել: Իրենք չեն ուզում գաղափար կազմել մետա իրականության ու մտածողության մասին, չկա իրենց մոտ ապաշխարելու ցանկություն: Ու դա նրանից չի, որ ուղեղ չունեն: Ունեն: Բոլորն էլ ունեն, ուղղակի սենց ավելի հարմար է, ավելի հեշտ է: Վիտոն չի ուզում հելնի, ասի` ժողովուրդ ջան, սխալվել եմ, իմ փայ երկիրը խուրդել եմ, քանի որ, երբ ռուս գեներալն ինձ զանգում, հայրանունով է դիմում, ես էռեկցիա եմ ստանում ու միառժամանակ քա*ում եմ տակս, հպարտությունս էլ հելնում ինձ ուտում է, հետն էլ հազարավոր կյանքեր, հողեր, ժառանգություն...
Շատ ավելի հեշտ է ապրել, մտածելով, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որ այն անպարտելի է, որ Պուտինը ատում է Նիկոլին ու սիրում ա Քոչարյանին, որ մեզ երբեք չի դավաճանի, որտև մենք լավն ենք, իսկ մեր թշնամիները վատն են, ու որ բարի պապիկը թեպետ չունի մեծ սպիտակ մորուք, կոլոտ է, շիկահեր ու կապուտաչյա, բայց ամեն ինչ տեսնում է ու ամենքիս կպարգևի ըստ արժանվույն: Այնպես, ինչպես բնակարանային թալանչին է կարծում, որ արժանավորը նա է, ոչ թե իրեն բռնող ոստիկանը և հետևաբար հենց իր վառած մոմն է իրեն ազատելու բանտից, այդպես էլ «վիտոներն» են կարծում, որ արժանավորը իրենք են, ոչ թե ադրբեջանցիները, և որ հենց իրենց վառած մոմերն են պետք ռուսներին, ոչ թե թուրքականը... իսկ Փարուխը, Հին Թաղերը ու Խծաբերդը հաձնվեց, որտև դե... ըըըը... անքննելի են ռուսիո ճանապարհները:
Հենց այս խրոխտ համառությամբ են Արցախի ազգային ժողովում պարբերաբար հայտարարություններ ընդունում, որոնց մեջ քրֆում են արևմուտքին ու պահանջում, որ արևմուտքն օգնության հասնի: Իրենց բոլոր հայտարարությունները մոտավորապես էս տեսքը ունեն՝ «խի՞ չես հասնում փրկես մեզ, այ բօ*»: Վստահ եմ նույնիսկ այդ ԱԺ-ի հավաքարարները գիտեն, որ տենց օգնություն չեն ակնկալում, բայց քանի որ իրական օգնության խնդրանքը հղի է ցավալի ապաշխարումով, բոլորը նախընտրում են ձև անել, որ ճիշտը սա է... Բոլորն ամեն ինչ գիտեն, ուղղակի անում են այն, ինչը հեշտ է: Իսկ հեշտը հայրենիքը ծախելն է: Խաչակնքվելով, Աստծո անունը անընդհատ տալով, հայրենասիրական երգերով, դրոշներով բանով...
Անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից ու գենետիկայից մարդկանց մի փոքր խումբ կարողանում է տեսնել լույսը, մեկ այլ խումբ այն չի տեսնում, բայց անկեղծ հավատում է լույսի գոյությանը, իսկ մնացած մեծամասնության հեչ վեջին չի ոչ լույսը, ոչ դրա օգուտը, ոչ էլ մարտահրավերները: Այս վերջին խումբը նախորդ երկու խմբերի պարսավանքից զերծ մնալու համար ամենաջանասիրաբար կերպով մոմ է վառում, խաչակնքվում է, եկեղեցի է գնում, ազգային երգ ու պար է սովորում, զինվորների համար հոտընկայս կենացներ է խմում ու շարունակում է ամեն ինչ ծախել` եկեղեցին էլ, զինվորին էլ:
Վերջիններս երբեք ու ոչ մի պարագայում չեն ընդունի այն պարզ իրողությունը, որ ներկա պահին Արցախը բոլորից անկախ է, բայց ոչ բոլորն են Արցախից անկախ և հենց դա է Արցախի փրկության բանաձևը: Արցախից են հիմա կախված, թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Իրանը և թե Ռուսաստանը: Արցախը, կամքի առկայության դեպքում, հիմա կարող է բոլորի ամորձիներից բռնի... Բայց այս ակնհայտ իրողությունից կարող է օգտվել միայն այն Արցախը, որը կմիանա բանականության «վայֆային», լույս կսփռի ու կայրի այդ լույսը տեսնել չցանկացողներին:
Հեշտ չի լինելու անշուշտ: Շատ դժվար է լինելու: Բայց ոչմի լավ բան երբեք հեշտ չի տրվում:
Հ.Գ. Իմիջայլոց, Միքելանջելոն ու Դա Վինչին, լինելով իրենց սերնդի և գուցե մարդկության պատմության ամենատաղանդավոր ստեղծագործողները, միշտ մրցակցության մեջ էին: Երկուսն էլ տարված էին մարդու ուղեղի ուսումնասիրությամբ: 1505 թվականին Ֆլորենցիայի իշխանությունները Դա Վինչիին ու Միքելանջելոյին պատվիրում են նկարել մեկական ֆրեսկա` ներկայումս քաղաքապետարանի շենք դարձած Պալացցո Վեկկիոյում: Միքելանջելոյին պատվիրում են նկարել Կասկինայի ճակատամարտը, իսկ Դա Վինչիին Անգիարիի ճակատամարտը: Դա Վինչին իր գործն ավարտին է հասցնում ու ճակատամարտի պատկերում թաքցնում է ուղեղի կառուցվածքը: Միքելանջելոն չի հասցնում, քանի որ Հռոմի Պապն իրեն գործուղում է Հռոմ, սակայն Միքելանջելոն 4 տարի անց միևնույն է պատասխանում է իր մրցակցին «Ադամի արարումով»»:
|