▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 տարի միասնության կոչ ենք անում, ապա «թարմ անեկդոտ» պատմում հայի ու ղարաբաղցու մասին

Արցախյան շարժումից 25 տարի է անցել: 25 տարի շարունակ հերթապահ խոսքեր են հրապարակ նետվում՝ մեկ ազգ, մեկ պետություն... Արցախը Հայաստան է... Մենք արդեն մի պետություն ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ, որն արտացոլված է Հայաստանի անկախության մասին հռչակագրում (1990 թ.), իսկ վերջինիս հիման վրա էլ ստեղծվել է ՀՀ սահմանադրությունը... Իսկ պաշտոնամոլ բախտախնդիրների մի փոքրիկ խումբ էլ փորձում է բոլորին համոզել, որ ՀՀ-ն ու Արցախի հանրապետությունը տարբեր պետություններ են և այլն:
Խնդիրը, սակայն, միանգամայն այլ է: Ցավն այն է, որ այս 25 տարում ոչ արցախցին կարողացավ ավելի մոտ ճանաչել ու հասկանալ երևանցուն, արտաշատցուն կամ նոյեմբերյանցուն, ոչ վերջիններս կարողացան թեկուզ 10 տոկոսով ճանաչել արցախցուն (բացարձակապես նկատի չունեմ այս կամ այն կարիերիստին, քանզի վերջինս սովորաբար հայրենիք չի ունենում): Համեստ ու ըմբոստ այն արցախցուն, որ ելել է խորհրդային կայսրության դեմ, աշխարհի տարբեր ծեգերից արյան կանչով Արցախ եկած քաջորդիների հետ պատվով հաղթող դուրս եկել թշնամու կողմից սանձազերծած պատերազմում և ձեռնամուխ եղել կիսավեր ու կիսաքանդ իր տունը նորոգելուն:
Հայաստանցի, երևանցի, քյավառցի, ապարանցի, արցախցի, ջավախքցի... Մի այլ ցավ էլ այն է, որ նույն ազգի այս հատվածների միջև սեպ խրողների ու թշնամանք հրահրողների պակաս չկա... Զավեշտ է՝ 25 տարի շարունակ ազգային միասնության կոչեր ենք օդ նետում, հավաքական ուժի մասին չարենցյան հանրահայտ պատգամը հրապարակ հանում, սակայն հաջորդ օրը «թարմ անեկդոտ» պատմում հայի ու ղարաբաղցու մասին կամ՝ հայաստանցու, ադրբեջանցու և ղարաբաղցու մասին...
Ու գնացքը դանդաղ կամ արագ առաջ է ընթանում: Իսկ մենք, ազգի տականքը գլխներիս բազմեցրած, ազգովի միշտ մնում ենք կիսակայարանում և հեքիաթներ հյուսում առ այն, որ 21-րդ դարը մերն է լինելու...

Վարդգես Օվյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more