Ֆակտոր․am-ը գրում է․ ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 350 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով։
Գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակում համալիրում իրականացվել է շենքերի և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում, որի հիման վրա մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Այդ աշխատանքները կատարել է «Գլոբալ Էնջին» ՍՊԸ-ն՝ 738,917,260 դրամ արժեքով, իսկ փորձաքննությունը իրականացրել է «Ա-ԷՌ ՓՐՈՋԵԿՏ ՍՊԸ»-ն՝ 1 մլն դրամով։
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն՝ ներկայացնելով 573,423,000 դրամ առաջարկ։ Գնումն իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մինչև ֆինանսավորման վերջնական հաստատումը։ Համալիրի կողմից արդեն դիմում է ներկայացվել կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար։
Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։
Հեղինակ՝ Նարեկ Կիրակոսյան


