▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հրապարակել են Մամիկոն Խոջոյանի առաջին «հարցազրույցը»

Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ալիբեյլի գյուղում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի մասին հարազատները դեռ նորություն չունեն: Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վերին Կարմիրաղբյուր և հանդիպում ունեցել Մամիկոն Խոջոյանի հարազատների հետ:

«Ստանալով պաշտոնական հաստատում Ադրբեջանի իշխանությունների կողմից, մեր կոլեգաները Բաքվում  անմիջապես կապ հաստատեցին իշխանությունների հետ, որպեսզի անհապաղ մուտք և այցելություն ապահովեն ՀՀ  քաղաքացուն, ինչպես և անում ենք նման դեպքերում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, ապա հավելեց.

«Իսկ երեկ  մեր կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները հանդիպել են  քաղաքացու հարազատներին: Պետք է նաև ասեմ՝ ըստ պահանջի և անհրաժեշտության դեպքում այդ հանդիպումները կշարունակվեն ընտանիքի անդամների հետ և կփորձենք ապահովել նրանց կապը»:

Ի դեպ՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայ «դիվերսանտը» հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին: Նշվում է, որ նա հակասական մտքեր է ատահայտել: Իբր նախ նշել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, ապա ավելացրել, որ խաղողի մշակությամբ է զբաղվում:  

Իսկ հարցին, թե արդյո՞ք խախտում չէ նախքան ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպումը գերուց հարցազրույց վերցնելը, Զառա Ամատունին պատասխանեց.

«Չեմ կարող ասել, թե որքանով է հավաստի, որ հարցազրույց է եղել, քանի որ տեսագրություն չկա»: 

Մեր հարցին, թե Մամիկոն Խոջոյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքը կարող է ինչ-որ կերպ հեշտացնել գործընթացը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Բոլոր դեպքերում նա քաղաքացիական անձ է և  ցանկացած դեպքում մեր կազմակերպությունն՝  ըստ իր մանդատի փորձում է կատարել միջնորդի իր դերը և  փորձել  լուծել  քաղաքացու խնդիրները: Սակայն որքանով  դա ավելի բարդ կամ ավելի հեշտ կլինի,  ժամանակը ցույց կտա: Այս պահին մեր նպատակն է փորձել ապահովել այցելություն, ապա և հետագա աշխատանքները կազմակերպել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more