▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով․ հայտարարություն

Լոռի ֆուտբոլային ակումբից տեղեկացնում են․

«Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։

Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։

Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։

Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար»։

Նշենք, որ ավելի վաղ ակումբից հայտնել էին, որ «Լոռի» ՖԱ անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստներ, մարզիչներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ, PCR թեստերը դրական պատասխան են տվել։

Նշվում էր, որ նրանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more