▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամառային հանգիստն արտերկրում ավելի մատչելի է. «Ժողովուրդ»

Հայաստանում  ամառային հանգիստն  անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությունն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց  հանգիստն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են: Արդյունքում մեր հանրապետությունում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված զբոսաշրջությունը` այդ թվում ներքին,  այդպես էլ չի զարգանում:

 

Հայաստանում մեկօրյա քիչ թե շատ արժանավայել  հանգստի  համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի:  Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով, ի դեպ, ՀՀ քաղաքացիների զգալի մասն է կազմում, ցանկանա տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է  տրամադրի:

Մինչդեռ Հայաստանում զբոսաշրջային վայրերը ծանրաբեռնված չես համարի նույնիսկ հանգստի  ամենաթեժ համարվող շրջանում: Իսկ մարդիկ նախընտրում են հարեւան երկրներում անցկացնել իրենց ամառային հանգիստը, քանի որ այնտեղի ծառայություններն ավելի մատչելի են, քան ՀՀ-ում:

Օրինակ` Վրաստանի «Բաթումի» հյուրանոցում մեկ օրվա արժեքը սկսում է 16 հազար դրամից, «Աստորիա» հյուրանոցում այն կազմում է 26 հազար դրամ: Իսկ Ստամբուլում քաղաքացին կարող է գտնել հյուրանոց, որտեղ մեկ օր անցկացնելու համար պետք է վճարի  քսան հազար դրամին համարժեք գումար:

Արդեն քանի տարի է` մեր հայրենակիցների գերակշիռ մասը գերադասում է Վրաստանում անցկացնել իր ամառային հանգիստը, քանի որ այնտեղ կարելի է սեփական տուն վարձել, ինչն ավելի մատչելի է: Վրաստանում մեկ օրով սեփական տուն վարձելն արժե 2500-3500 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Վրաստանում ամառային հանգիստը Հայաստանի համեմատ 6-7 անգամ ավելի մատչելի է:

Օրինակ՝ Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող  «Օրսետո» կոչվող հանգստյան տան քոթեջներում, որտեղ կարող է տեղավորվել մեկ ընտանիք, մեկ օրվա արժեքը կազմում է 40 հազար դրամ՝ առանց սնունդի: Իսկ եթե հանգստացող ընտանիքը հինգ օր կամ ավելի է մնում, ապա նախաճաշը մտնում է այդ գնի մեջ:

Իսկ ահա Սեւանի ափին գտնվող հայտնի  «Հարսնաքար»  հյուրանոցային համալիրում մեկ անձի համար մեկ գիշերն արժե  35 հազար դրամ: Ընդ որում՝ այս գնով սենյակի պատուհանից  Սեւանը չի երեւում: 35 հազար դրամ արժողությամբ համարում հանգստացող հյուրերը կարող են  «զմայլվել» միայն ավտոմայրուղիով: Իսկ այն համարները, որոնց պատուհաններից երեւում է լիճը՝ մեկ կամ երկու անձի համար արժեն 45 եւ 55 հազար դրամ:

Ինչեւէ. Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մշտապես կարեւոր տեղ են տվել զբոսաշրջության զարգացմանը: Սակայն` միայն հայտարարությունների մակարդակով: Դեռեւս 2002թ-ից նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանում զբոսաշրջությունը հռչակվեց  տնտեսության գերակա ճյուղ, սակայն մինչ օրս այդ գերակայությունը որեւէ կերպ չի նկատվում եւ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Ոլորտի զարգացման համար կառավարության ձեռնարկած ամենամեծ քայլը, թերեւս,  գերթանկարժեք բիոզուգարանների ներկրումն էր, որոնք, ինչպես հայտնի է, այդպես էլ չաշխատեցին:

Ինչ վերաբերում է Հայաստանում տարեցտարի կառուցվող շքեղ եւ գերթանկարժեք հյուրանոցներին, ապա դրանք այնքան քիչ այցելուներ ունեն, որ կարողանում են ընդամենը կատարված ծախսերը ծածկել՝ սեփականատերերին առանձնապես շահույթ չբերելով: Լավագույն դեպքում շարժն ապահովում են այս կամ այն հյուրանոցի տիրոջ պաշտոնյա ընկերները կամ մեծահարուստ շրջապատը: Իսկ բուն զբոսաշրջային բիզնեսի մասին խոսելն ավելորդ է:

Չնայած այս ամենին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայատան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճում է: «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 957 240 զբոսաշրջիկ, եւ այդպիսով 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ եւ այդպիսով  2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5 տոկոսով:

Իսկ ահա զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնողների թիվը  2014թ. հունվար-մարտին կազմել է 162 073 մարդ՝ 18.2 տոկոսով ավելի, քան  2013թ.-ին:

 


Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more