▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս»

«Փաստ» օրաթերթը գրում է. 1992 թ.-ին դեկտեմբերի 3-ը հռչակվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամություն ունեցող անձինք տարաբնույթ խնդիրների են բախվում՝ կրթություն ստանալու իրավունքի խախտումից մինչև մատչելի միջավայր չունենալը: Բլոգեր Աշոտ Հովհաննիսյանի հետ, որը սոցցանցի իր էջում խոսում է հաշմանդամության մասին, զրուցել ենք մատչելի միջավայրի կարևորության, հասարակության ներսում դեռևս գոյություն ունեցող կարծրատիպերի և այլ կարևոր հարցերի մասին: Աշոտը նախկինում տեղաշարժվել է հենակներով, քայլակով, հիմա տեղաշարժվում է առանց դրանց՝ երբեմն-երբեմն ունենալով վերջիններիս կարիքը: Հարցնում եմ Աշոտին՝ ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին այսօր մեր երկրում բախվում է հաշմանդամություն ունեցող անձը:

«Ինձ համար ամենամեծ խնդիրը, որը պահանջում է պետական լուծում, Հայաստանի բոլոր անկյուններում մատչելիության բացակայությունն է, ընդ որում՝ հաշմանդամության բոլոր տեսակները՝ և՛ տեսողության, և՛ լսողության, և՛ հենաշարժողական, և՛ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Մատչելիություն ասելով՝ հասարակությունը հասկանում է թեքահարթակ, բայց մատչելիությունն այն է, որ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ, առանց ինչ-որ վախերի, դուրս գալ տնից և ինքնուրույն Ա կետից տեղափոխվել Բ կետը: Ինձ համար մատչելիությունը դա է, այն այս պահին բացակայում է մեր երկրում, ինձ համար շատ ցածր մակարդակի վրա է: Սա կարող ենք հասկանալ միայն թեքահարթակների օրինակով, որոնք անգամ մոտ չեն մատչելիության ստանդարտներին:

Գոյություն ունեն թեքահարթակի հատուկ ստանդարտներ, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ օգտվել թեքահարթակից: Տեսողության առաձնահատկություններ ունեցող անձանց համար կանգառներն են անհարմար, չկան հատուկ ձայնային հաղորդագրություններ, որպեսզի մարդը հասկանա՝ մոտենում է իքս համարի ավտոբուսը: Լուսացույցերի ձայնային ազդանշաններն առկա են միայն կենտրոնական հատվածներում, բայց մարդիկ միայն կենտրոնում չեն ապրում: Որպես խնդիր կարող ենք նշել հասարակության վերաբերմունքը, որը կարող է փոխել և՛ հասարակությունը, և՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբը: Այս խնդիրները համակարգային լուծում չեն պահանջում, իսկ մատչելիությունը պետք է լինի պետական ծրագիր, օրինակ՝ ինչ-որ կազմակերպություն, բիզնես նախագիծ գործարկվելուց առաջ պարտադիր պետք է ապահովի մատչելիություն, հակառակ դեպքում կա՛մ պիտի չբացվի, կա՛մ տուգանվի»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Աշոտը:

Մատչելիության ապահովման հարցը չի լուծվում, որովհետև չկա պետության և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև համագործակցությո՞ւն: «Հայաստանում մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Անձամբ իմ փորձից եմ ասում՝ տարբեր կազմակերպություններ բազմիցս փորձել են վեր հանել և՛ մատչելիության, և՛ հասարակության վերաբերմունքի հետ կապված խնդիրները, բայց համագործակցությունը չի կայանում, և ոչ այն պատճառով, որ կազմակերպությունները չեն ներդնում իրենց ռեսուրսներն այդ համագործակցության կայացման համար, այլ այս հարցերը պետության համար մղվում են վերջին պլան, դրանց լուրջ չեն վերաբերվում: Կազմակերպությունները փորձում են համագործակցել, բայց պետական տարբեր կառույցներ, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, չեն ներդնում որևէ ռեսուրս, հետադարձ կապ չկա: Թվում է՝ կա թեքահարթակ (որն ինձ համար «դժոխքի ճանապարհ» է, որովհետև անհարմար է), ուրեմն Հայաստանը մատչելի է, բայց այդպես չէ: Որքան էլ կազմակերպություններն ու անհատները փորձեն ամեն բան անել այս հարցի լուծման համար, եթե այս հարցը չունենա պետական լուծում, իրավիճակը երբեք չի փոխվելու», - հավելում է նա:

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։ Զրույցը շարունակում ենք այս երկու թեմաների մասին: «Սրա հիմքում էլ է մատչելիությունը: Բուհերը չունեն մատչելիության նշույլ անգամ, եթե չդիտարկենք Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանները, որոնք որոշ չափով մատչելի են: Այսպիսով՝ խախտվում է հաշմանդամություն ունեցող անձի կրթություն ստանալու իրավունքը: Ստացվում է, որ պետությունը գրում է Սահմանադրություն և «հակադարձում» դրան: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ չեն ստանում կրթություն՝ անմատչելիությունից ելնելով, դրանից էլ բխում է այն, որ քիչ են աշխատատեղերը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ են:

Ես և իմ մի քանի ընկերները ֆունկցիոնալ ենք, կարողանում ենք դժվարությամբ աստիճաններ բարձրանալ, բայց մեծ մասը ֆունկցիոնալ չէ: Հնարավոր է աշխատել հեռավար տարբերակով, բայց դա նշանակում է չներգրավվել սոցիումում: Գործ ունենք հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացման հետ: Այո, կան կազմակերպություններ, որտեղ մատչելիության ստանդարտները պահպանվում են և դրանց աշխատակիցներից ոմանք ունեն հաշմանդամություն, բայց սա ոչ բոլորին է վերաբերում: Ունեմ ընկերներ, որոնք չեն կարողանում բուհում սովորել, որովհետև իրենց համար խելամիտ հարմարեցում չկա: Այս ամենի արդյունքում ձևավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողունակության կարծրատիպը: Մատչելի պայմաններ չկան, հաշմանդամություն ունեցող անձը կրթություն չի ստանում, և մարդկանց մոտ ստեղծվում է կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լինել խելացի, չեն կարող լինել սոցիումի մի մաս: Մատչելիության խնդիրը լուծելով՝ կլուծենք բոլոր խնդիրները»:

Աշոտը նշում է՝ վերջին մի քանի ամսում ստեղծվել է մատչելիության թեստավորում: «Տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ անցնում են ֆունկցիոնալության գնահատումը, և պետությունը, չգիտեմ, թե ինչ ստանդարտներով, որոշում է՝ հաշմանդամություն ունեցող անձին որ կարգը պետք է տալ: Այստեղ վերադառնամ կրթությանը: Համալսարաններում զեղչային համակարգը հիմնվում է հաշմանդամության կարգերի վրա: Առաջին կարգի դեպքում կրթությունն անվճար է, բայց առաջին կարգի հաշմանդամություն են ստանում մարդիկ, որոնք ֆունկցիոնալ չեն, գրեթե չունեն մտավոր կարողություններ: Առնվազն տարակուսելի է այս որոշման տրամաբանությունը: 2-րդ և 3-րդ կարգերի դեպքում գործում է զեղչային համակարգ՝ հիմնված մի շարք գործոնների վրա:

«Պետության աջակցությունն» ինձ համար բացակայում է:39 հազար դրամ թոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել մեկ շաբաթվա գնումների համար: Շատ դեպքերում անհրաժեշտ է կողմնակի իրեր գնել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար, այստեղ էլ տարբերակում կա: Այս թոշակով հնարավոր չէ հոգալ տարրական ծախսերը: Եթե չլինեն ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցող անձինք կապրեն միջինից ցածր սոցիալական կյանքով: Պետպատվերին անդրադառնամ: Տարիներ առաջ պետությունը տարին 3-4 անգամ պետպատվեր էր տրամադրում, վերջին տարիներին այդ աջակցությունը չունենք: Տարեկան հնարավոր է երկու անգամ բուժում ստանալ պետական պատվերի շրջանակում, որը շատ քիչ է: Իմ օրինակը բերեմ:

Պետպատվեր հնարավոր է ստանալ վեց ամիսը մեկ: Առաջին պետպատվերի շրջանակում ստացա վերականգնողական բուժում, հաջորդը կարող եմ ստանալ վեց ամիս անց: Վեց ամսում հաշմանդամություն ունեցող մարդու՝ ավելի ֆունկցիոնալ դառնալու համար կատարած ողջ աշխատանքը դառնում է զրոյական: Եթե պետությունը չի կարողանում ապահովել ֆինանսական աջակցություն, գոնե տարեկան 3-4 անգամ բուժումները լինեն պարտադիր: Վերականգնողական կենտրոնները շատ են, այդ առումով խնդիրներ չեն առաջանա: Բյուրոկրատական քաշքշուկի մասին: Պետպատվերի ուղեգիրը տալիս է տեղամասային պոլիկլինիկան, այս դեպքում ինքս որևէ խնդրի չեմ առնչվել: Բայց օժանդակող միջոցների՝ քայլակների, սայլակների, օրթեզների և այլնի տրամադրման դեպքում առնչվել ու առնչվում եմ քաշքշուկի: Օրինակ՝ թուղթ ես վերցնում հատուկ օրթեզի համար, դա մի կառույցի պիտի ներկայացնես, հետո մեկ ուրիշի և այդպես շարունակ, իսկ վերջում էլ հնարավոր է՝ հավելավճարով ստանաս օժանդակող միջոցը: Սա հեշտացված չէ, ինչո՞ւ հնարավոր չէ մեկ տեղ տանել այդ թուղթը և ստանալ այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Ինձ համար անհասկանալի է նաև, որ զինկոմիսարիատը պարբերաբար կանչում է և հաստատում, որ չեմ կարող ծառայել: Սա աբսուրդ է»,-ասում է բլոգերը:

Վստահ է՝ տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների ու անհատների աշխատանքի շնորհիվ մեծ փոփոխություններ եղան մեր հասարակության ներսում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով: «Ուրախ եմ, որ տարիների ընթացքում կարողացել ենք համալիր ջանքերի շնորհիվ իրավիճակը փոխել: Հասարակությունը որոշակի չափով պատրաստ է իր կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող մարդ: Կարծրատիպերի մի մասը կոտրվել է: Ցավոք, այո, ունեմ հետևորդներ, որոնք գրում են՝ մեզ տնից դուրս չեն տանում՝ ասելով՝ այս տան ամոթն ես և այլն»: Զրույցն ավարտում ենք լավատեսությամբ և հստակ ձևակերպմամբ, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

«Հաշմանդամություն ունենալը մարտահրավեր ու փորձություն է ընտանիքների, ծնողների համար: Վերջիններս անցնում են բարդագույն խնդիրների միջով: Կոչս ծնողներին՝ եթե երեխան ունի առանձնահատկություն, պետք է ընդունել այն որպես կյանքի առաքելություն և քայլել դրա հետ համընթաց: Պետք է հավատանք մեր ուժերին, մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք, չպահանջենք ինքներս մեզանից, օրինակ՝ քայլել ուղիղ, գիտենք, որ դա չենք կարող անել: Ամեն դժվարություն կոփում է մարդուն և ավելի մեծ ուժ տալիս: Հաշմանդամություն ունենալը չի նշանակում, որ կյանքն ավարտված է: Դա նշանակում է ունենալ առանձնահատկություն, դա համարում եմ առաքելություն մյուսներին սովորեցնելու, մյուսներին ցույց տալու, որ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Պետք է սովորել երջանիկ լինել, ապրել և ուրախանալ»,- եզրափակում է Աշոտ Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more