▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անեծք կա Երևանի այս վիճակի համար.Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

Հուլիսի 11-ին The Club-ում տեղի կունենա հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա» խմբի  «Երևան» երգի ու համանուն  ֆիլմի շնորհանդեսը: Խմբի մենակատար, երգի բառերի և երաժշտության հեղինակ Ռոլանդ Գասպարյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ֆիլմի, Երևանի, երաժշտության, հասարակական ոլորտում առկա աղտեղությունների և այլ հարցերի մասին:

 

Մի փոքր խոսենք  «Երևան»  ֆիլմի գաղափարի մասին. Ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ որոշեց նկարահանել, գրել…

-Երգը նամակ էր Երևանին: Մի քանի շաբաթ առաջ Երևանին բաց նամակ էի գրել և այնպես ստացվեց, որ դա դարձավ երգ, հետո որոշեցինք ձայնագրել և, քանի որ ձմռանն արդեն ունեինք Երևանի խոսուն լուսանկարներ, որոշեցինք ֆիլմ նկարհանել:

Նշեցիք, որ կադրերը ձմռանն են արվել. Կադրերը ծնեցին բառեր, թե հակառակը:

-Նախապես որոշված էր ֆիլմ նակարհանել, որը կմասնակցեր փառատոնների, հետո հասկացանք, որ դա կարելի է զոհաբերել հանուն երգի, որտեղ, իմ կարծիքով բառերն ու տեսահոլովակը համահունչ են:

Ռոլանդ, կայանալիք շնորհանդեսին հրավիրում եք երևանցիների, այն էլ` իսկական: Իսկ, եթե երևանցի չե՞ն…

-Խնդիրը դրանում չէ: Հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանում և այս ամենն ինչ-որ արժեք ունի նրանց համար:

Երգում, երկխոսության մեջ մտնելով Երևանի հետ` հասկանում ես, որ նա զայրացած է: Ձեր կարծիքով ի՞նչն է զայրացրել և զայրացնում Երևանին և ի՞նչ է անհրաժեշտ անել` նրա ներողամտությանն արժանանալու համար:

-Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը, բայց Երևանը դա չէ: Մեր` մինչև 90-ականների սերունդը հասկանում է, թե ես ինչի մասին եմ խոսում: Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել` չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ, կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար:

Իսկ ներողամտությանն արժանանալու համար պետք է հասկանանք, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ աղոթքի ժամանակ չունենք: Այդ պատճառով էլ այսօր այս վիճակում ենք:

Տեղյակ եմ, որ հաճախ եք «Ռեինկարնացիա» խմբում փոփոխություններ կատարում երաժիշտների առումով` կապված Ձեր փորձարարական մտքի,ապրելաոճի հետ: Երբևէ գործընկերներին չե՞ք նմանեցրել Երևանին:

-Այս ամենը Երևանի մասին է, Երևանի համար: Խմբի անդամների փոփոխությունը գաղափարախոսության հետ կապ չունի: Նրանց փոփոխության դեպքում խնդիրներ չենք ունենում, որովհետև գործնական, ժամանակավոր հարցեր են: Գրաֆիկը խառն է, այսօր այստեղ, վաղը` այնտեղ, և փոփոխությունը դրա հետ է կապված: Սակայն, նշեմ, որ կան մարդիկ, ովքեր խմբի ստեղծման օրվանից եղել են, կան ու կլինեն:

Երգերի հիմքում սերն է, ընկերասիրությունը, անկեղծությունը…Ի՞նչ եք կարծում, որևէ բան կարողացե՞լ եք փոփոխել, ասենք մարդկանց մտածելակերպում:

-Ե’վ Հայաստանում և նրա սահմաներից դուրս եթե հանդիպում եմ մարդկանց, ովքեր թեկուզ չխոսեն էլ, տեսնում, ժպտում են, նշանակում է փոխվում է:  Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երեխան քնում է իմ երգերի ներքո, կամ պարում, ուստի, եթե մեծերը, երեխաները սա լսուոմ ու հասկանում են, դա ինձ համար արդեն մեծ նշանակություն ունի:

Իսկ, երբևէ  դիմե՞լ եք համապատասխան գերատեսչությունների` փոխանցելով Երևանի դժգոհությունները:

-Գիտեք, ամեն մարդ իր ձևով է փորձում գտնել խնդիրների լուծումը: Մենք մեր ձայնը փորձում ենք հասցնել երգ-երաժշտության միջոցով: Բղավում ենք ոչ թե Օպերայում, այլ մեր երգերում:

Յուրաքանչյուր բառի, տողի հիմքում բնականաբար կա նաև պատկեր: Երգելիս ինչպիսի՞ն է Երևանի պատկերը` Ձեր աչքերում:

-Շատ ցավոտ է: Մեզ համար թանկ Երևանից ոչինչ չի մնացել, ես դա եմ տեսնում: Մենք միշտ ցանակնում ենք տիրել ամեն ինչին: Իսկ Երևանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է: Երևանը հետ բերելու համար պետք է ապրենք այդպես: Մենք մեր բոլոր ավանդույթները մոռացել ենք: Մարդիկ եղել են անկեղծ, քաչով բավարարվել են: Պակասում են սերը, հարգանքը, անկեղծությունը:

Զայրացած, նեղսրտած ժամանակ երբևէ մայրաքաղաքը լքելու ցանկություն ունցե՞լ եք:

-Մեկնեցի ԱՄՆ, բայց մի քանի ամիս անց հասկացա, որ հնարավոր չէ առանց Երևանի: Այնքան էի կարոտել, որ արդեն երազիս էի տեսնում: Օրերից մեկ օր արթնացա, որոշեցի վերադառնալ: Բայց, կարևորը սա չէ: Այսօր դրսում ապրողները շատ ավելի երևանցի են, քան ներսինները:

Օրինակ ԱՄՆ-ից ի՞նչը կբերեիք, կամ կցանկանայիք, որ լիներ Հայասատանում: 

-Կարգ ու կանոնը: Օրենք ունենալն ու դրանից վախենալը: Իսկ այսօր այստեղ հաստ վզերը, ինչ-որ մեկի երեխան լինելը, մեծ մեքենաների արժեքներն են: Մարդիկ մտածում են այլ արժեքների մասին, եթե դա կարելի է արժեք համարել:

Երևանի մասին բազում երգեր կան, ի՞նչ եք կարծում, այս երգը կգտնի իր տեղը, կունենա իր լսարանը:

Կան մի շարք հիմար, դատարկ, սուտի երգեր` Երևանի մասին, որ 100 հոգով հավաքվում են ու մեկը մյուսից բարձր գոռում: Դա իմ կարծիքով սուտ է և կեղծ: Իսկ այս երգում ամեն ինչ փորձեցինք ներկայացնել պարզ, անկեղծ և, համոզված եմ, որ կգնհատվի մարդկանց կողմից:

Նոր ալբոմ նախատեսվո՞ւմ է:

-Կարծես թե ապահով էինք այդ առիթով, քանի որ հունվարին «Աղ ու հաց»ալբոմը լույս տեսավ: Սակայն, հիմա աշխատանքներ են տարվում` նոր ալբոմի հետ կապված, որը կազմված կլինի միայն նամակներից` կապված արժեքների հետ: Ալբոմում կլինեն 7 երգեր:

 

Հարցազրույցը` Անի Կարապետյանի

 

Ստորև ներկայացնում ենք «Երևան» երգի խոսքերը.

Երկար ճանապարհ ես անցել, շատերը եկել ու գնացել են

Քեզ փորձել են ծախել, քո համար կռվել, միշտ պայքարել, քեզնով ապրել են

Գիտեմ` հիմա շատ զայրացած ես, հին գույներդ չկան, գողացված են,

Ինչ որ մեկն էլ քեզ տիրացել է, ու բաժանել ընտանիքի մեջ,

Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու անցյալն էլ քո մոռացել են...

 

Քեզ խոսք եմ տալիս, որ միշտ կսիրեմ քեզ, քո տաք ձեռքերում միշտ կապրեմ ես, 

Չեմ հոգնում քեզ երգեր նվիրեմ, ու շնորհակալ եմ ասեմ, որ էստեղ ծնվել եմ,

Քո ջուրը խմել եմ, քեզնով հպարտ եմ, ու հավատա` ես միշտ կողքիդ եմ...

 

Կրկ.

Դու իմ քաղաք Երևան, քեզնով կապրեմ ես,

Դու իմ քաղաք Երևան, խնդրում եմ` չտխրես էլ,

Դու իմ քաղաք Երևան, քեզնով կապրեմ ես,

Դու իմ քաղաք Երևան, խնդրում եմ` չտխրես էլ...

 

Հիմա քո սրտում ամեն ինչ փոխվել է, իրենց կարճ խելքով նոր շունչ տվել են

Գույներդ փոխվել են, արժեքներդ կորցրել են, շատերը սիրել, բայց հեռացել են,

Ու հավատա` քեզ հիշում են, կարոտում են, ու միշտ սպասում են, 

Հավատում եմ կլինես ինչպես առաջ, փողոցում` մարդիկ իրար ընդառաջ, 

Երբ քայլում էին, ու անկեղծ սիրում էին, ու հարգում էին, հավատում էին ու միշտ ժպտում էին: 

Հավատում եմ հետ կգան նրանք, ովքեր հեռացան, բայց քո մասին չմոռացան

Ծերացան, տեսան ինչ եղավ, զարմացան, զայրացան, հեռացան, ծերացան...

Տեսան ինչ եղավ, զարմացան, զայրացան, հեռացան....

 

Ռեինկարնացիա  խմբի «Երևան»  երգի և «Երևան» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը, հունիսի 11-ին, 16.00-ին, The Club-ում` Թումանյան 40:

Ֆիլմի ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանն է, նախագծի հեղինակ Հայկ Բիանջյանը, հեղինակային կատարումը Ռոլանդ Գասպարյանի (Reincarnation) արտադրությունը (22 group): Ակումբում վաղը կցուցադրվեն նաև Հայկ Բիանջյանի լուսանկարները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more