▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրել հասարակության մեջ, ուր մարդու արժեքը գնահատում են ոչ թե ում ճանաչելով, այլ՝ ինչ իմանալով

Ժամանակաշրջան, որը կարծես թե մարտահրավեր է նետել աշխարհի բոլոր ազգերին և, հատկապես մեզ՝ հայերիս, առավել քան անհրաժեշտ է համախմբվել՝ չկորցնելու ազգային մտածողությունն ու արժեհամակարգը, պահպանել հայի ինքնությունն ու պարզապես՝ ապրել սիրով, հավատքով և հավատարմությամբ:

Ահա, այս, ինչպես նաև ի վերջո ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի աղճատմանն ու քայքայմանը հանգեցնող խուճապի, վախի, անհուսության և անորոշության մթնորոլորտի վերացմանն էր միտված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կազմակերպված բազմահազարանոց ուխտերթը, որի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից:

Ուխտերթի  իրականացման  գաղափարը  պատկանում  է Եկեղեցական հայեցակարգային  հարցերի  գրասենյակի տնօրեն  Բագրատ Սրբազան Գալստանյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մեր երկրում առողջ չէ հոգևոր մթնոլորտը, առողջ չեն մարդկանց հարաբերությունները, հայ ընտանիքի հիմքերը խարխլվել են՝ դառնալով որոշ հարձակումների թիրախ:

«Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Աշխարհում տնտեսական մարդ են ստեղծում՝ նրան զրկելով հոգևորից, և մենք այս քայլով ցանկացանք ցույց տալ, որ սիրով, հավատքով ապրող ժողովուրդ ենք. կա սեր՝ մեր քույրը, եղբայրը, հայրենիքը, հավատարմություն՝ բոլոր արժեքներին. ընտանիքին, հոգևոր գիտակցությանը, հավատ մեր հայրերի ժառանգությանը»,-փաստեց Բագրատ սրբազանը:

Ինչ վերաբերում է ուխտերթի նպատակին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ նպատակն էր՝ ժողովրդին հավաքել ինքնության և ազատագրության շուրջ,  սահման գծել, ապա մշակված առաքելություն կատարել:

«Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մտածողությունն է բացակայում: Նպատակն է՝ ապրել ազատ, արդար, ճշմարտության ձգտող հասարակության մեջ, որտեղ մարդու արժեքը գնահատում են ոչ թե  ում ճանաչելով, այլ՝ ինչ իմանալով»,-նշեց Բագրատ Սրբազան Գալստանյանը:

Ընթացքում  Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ և Հայրապետական պատգամ:

Ուխտերթին ներկա էին բոլոր մարզերի թեմերը, ինչպես նաև Վիրահայոց թեմը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more