▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 9-ին հասարակությունը պետք է հասկանա` ուր են տանում ընդդիմության առաջնորդները

Համադրելով ապրիլի 9-ի սպասումներին վերաբերող հայտարարությունները և կանխատեսումները՝ ենթադրում եմ, որ հատկապես ընդդիմության համար ինագուրացիայի արարողությունը հավակնում է դառնալ մրցաշրջանի եզրափակիչ փուլը... Սակայն շարունակում է անհայտ մնալ, թե անգամ իշխանությունների դարպասը մի քանի գոլ ուղարկելուց հետո Բարևի հեղափոխության լիդերները ինչպես են այն վերածելու կոնկրետ քաղաքական արդյունքի...
Այն, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը լինելու է մարդաշատ՝ կասկած չի հարուցում: Ինագուրացիայի ինտրիգը ընդդիմադիր հասարակական սեկտորին ուղղելու է դեպի հրապարակ՝ այնտեղ են լինելու Րաֆֆիի նվիրյալները, նրան չհավատացող, բայց իշխանափոխություն պահանջող ընդդիմադիր հատվածը, վճռական գործողությունների կողմնակիցները, ծույլերը, ուժեղները, թույլերը, պարապները, զբաղվածները, անտարբերները... Մասովկան լինելու է լիակատար, սակայն գործողությունների գոնե նախնական ՞ճանապարհային քարտեզի՞ բացակայությունը արդեն իսկ իջեցնում է դեռ չկայացած հանրահավաքի օգտակար գործողութան գործակիցը: Միգուցե հանրահավաքի ինտրիգը հենց իր անորոշության մեջ է, բայց արդեն իսկ ուրվագծվող սցենարը որոշակի հարցականներ է առաջացնում:
Եթե ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ևս պատրաստվում է երդմնակալության՝ նշանակում է, որ նա պատրաստվում է երկրում երկիշխանության հաստատմանը: Արդյոք նա ստեղծել է այն ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թեկուզ ֆիկտիվ երկիշխանության պատրանքի դեպքում սպասարկելու են հասարակության ընդդիմադիր հատվածին: Հաշվարկված է արդյոք նրանց գործողությունների ծրագրում, որ ապրիլի 9-ը լինելու է ընդդիմության կուլմինացիոն պահը, որից հետո հավաքված լիցքերը կտրուկ կարող են թուլանալ : Եվ արդյոք ապրիլի 9-ի հանրահավաքը Երևանի ավագանու ընտրությունների միջակայքում առաջացած վակուումը լրացնելու համար չէ...
Ապրիլի 9-ին հասարակությունը պետք է հասկանա, թե ուր են տանում հասարակությանը ընդդիմության առաջնորդները: Հակառակ պարագայում Երևանի ավագանու ընտրությունները կկորցնեն իրենց քաղաքական երանգը, իսկ Ազատության հրապարակը՝ իր հրապույրը...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more