▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Պեպանյան. Մարտադաշտում հույսն է



Մեր բոլոր շարժումները պարտվել ու հուսալքություն են առաջացրել արդարության համար պայքարի ելածների մոտ:
Շարժումների առաջնորդների ճակատագիրն ինձ քիչ է մտահոգում: Ինձ ահավոր մտահոգում է այն, որ ամեն ձախողված շարժում անհուսության մի նոր խոր սպի է թողնում մարդկանց սրտերում, ավելի ու ավելի շատ պիտանի մարդկանց դրդելով լքել երկիրը՝ վերափոխումի հույս այլևս չունենալով, կամ հարկադրելով ինքնամեկուսացման:
Պատմական հանգամանքների բերումով ունենք աղճատված հանրություն, որի մեջ առանց այդ էլ փոքրամասնություն են արդարության ձգտող ու արդարության հաստատման համար զոհողությունների գնալու ունակ մեր ազգակիցները: Եվ հուսալքության յուրաքանչյուր ալիք էլ ավելի է աղճատում հանրության ընդհանրական պատկերը:
Քաղաքական իրադարձությունները քսան տարի զննելով, մեր ոչ հին ու վաղեմի պատմությունը ուսումնասիրելով, մեր հանրության պրոբլեմների ծագումնաբանությունը վեր հանելով, ինչպես նաև այլ ժողովուրդների կողմից ճահճից դուրս գալու եղանակները հետաքննելով՝ գրեթե համոզված էի, որ փետրվարի 19-ին ծնունդ առած շարժման իշխանության հասնելու հավանականությունը բավականին ցածր է և հանրությանը հերթական անգամ հուսալքություն է սպասվելու:
Այս մտահոգությունը ինձ դրդեց, ինչպես նաև նախորդ դեպքերում, ընդդիմանալ շարժման ղեկավարներին, քանի որ առճակատման փոխարեն իրավիճակը վերափոխման տանող այլ, բավականին բարդ համակարգ է հարկավոր կիրառել:
Հրապարակային ելույթներով ջանում էի նրանց ապացուցել իրենց ձեռնարկի անհնարինությունը, նրանց ու նաև շարժման հետևորդների ուշադրությունը հրավիրել մի շարք հարցերի վրա, որոնց պատասխանները չունենալու դեպքում անհնար է փոքրիշատե հաջողության հասնել:
Բայցևայնպես, շարժումը առկա է, այլ երկիր ունենալու հույսով համակված հազարավոր մարդիկ կրկին սպասումների մեջ են:
Ներկա շարժման առաջին հանրահավաքի մասնակից մի երիտասարդի ,,Սա արդեն վերջն է, հիմա էլ եթե չստացվեց, այլևս որևէ բանի հույս չի մնա,, մտահոգ արտահատությունը հանգիստ չի տալիս առ այսօր: Նրա նման մտածողները երևիթե շատ են: Այսինքն մենք հասել ենք հույսի սահմանագծին, որից այն կողմ պետության մահն է:
Այդ պահից սկսած ինձ տանջում է ամեն գնով այդ մարդկանց մոտ հույսի վերջին հյուլեի փրկության հարցը: Հույս կար, որ կողմերը բանակցելով՝ ելք կգտնեն իրավիճակից, և արդարության ձգտող մարդիկ գոնե փոքր ինչ ձեռքբերում կտեսնեն, որը նրանց երկրի վերափոխության հույս կտար:
Սակայն բանակցությունները չկայացան, ու հիմա մի տեսակ շփոթություն է շատերի մոտ: Ելք գտնելը կարծում եմ բոլորիս խնդիրը պիտի լինի, քանի որ մեր իրականությունը անտանելիության աստիճան ապականված է և այսպես շարունակելը հանրության վերջնական դեգրադացիայի կարող է հանգեցնել: Ուղիներից ուշագրավը թերևս Նոր Հայաստանի սկզբունքների ու թեզերի մշակումը, դրանք հանրային կյանք ներմուծելը կարող է լինել:
Բայց ընդդիմադիր քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից ոչ միայն անհոգություն, այլև կիսաթաքույց հրճվանք է նկատվում: Մեր քաղաքական ուժերն այն մոլորության մեջ են, թե իբր հայ ժողովրդից մի քանի հատ կա, այս մեկը եթե հուսալքվի, պասիվանա կամ լքի հայրենիքը, ապա՝ ոչինչ. այն մյուս հայ ժողովրդին կհրավիրեն ասպարեզ ու նրա հետ կհասնեն իրենց քաղաքական նպատակներին: Մինչդեռ հայ ժողովուրդը ոչ միայն մեկն է, այլև գտնվում է անհուսությունից քայքայման եզրին:
Այնպես որ իրականությունից դժգոհող ու իրականությունը փոխելու համար պայքարի ելած մարդկանց գոնե մասնակի արդյունքի հասնելը ոչ թե միայն ներկա շարժման ղեկավարների, այլ բոլորիս խնդիրն է:
Մարտադաշտում հույսն է, և նրա վախճանը մոտեցնելու է մեր տեսակի վախճանը:

ՀԳ. Չգիտեմ իմաստ ունի՞ այս ահազանգը նաև իշխանություններին ուղղել:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more