▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք իրակա՞ն են Քոչարյանի ու Սարգսյանի հակասությունները. «Ժողովուրդ»

 

«Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը քննարկում է Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես արծարծվող հիմնահարցերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունների առկայությունը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. նախագահական ընտրությունների նախօրյակին անդրադառնում է հենց այս թեմային՝ այն համարելով ապագա քաղաքական զարգացումներում ամենախնդրահարույցը: Ամերիկացիների տպավորությամբ՝ վերոնշյալ երկու գործիչների միջեւ տարբերությունները հստակ են ու իրական, ինչը Սարգսյանին ավելի նախընտրելի է դարձնում:    

 

Հեղինակը նկատում է, որ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ հրապարակային տարաձայնություններն առաջինի իշխանավարության տասնամյակում չեն եղել, ինչը, սակայն, չի  երաշխավորում, որ նրանց միջեւ մրցակցություն լինել չի կարող: Փենինգտոնը պնդում է, որ Քոչարյանի գործողություններն ու ագրեսիվ գործելակերպը իշխանավարության վերջնագծում ցուցիչ են, որ նա պատրաստ չէ իշխանությունից հեշտությամբ հրաժարվելուն: Ամերիկացին արձանագրում է, որ քարոզարշավի ավարտին Քոչարյանը հստակորեն արտահայտվեց «իր պրոտեժե» Սարգսյանի օգտին՝ կանխագուշակելով Սարգսյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Այդուհանդերձ, Փենինգտոնը կարծում է, որ Քոչարյանը կարծես այնքան էլ անկեղծ չէ իր գործողություններում, քանզի միմյանց միջեւ առկա տարաձայնությունները կարող են հետագայում մեծ ազդեցություն ունենալ հայաստանյան իրադարձությունների վրա: Ամերիկացին չի բացառում, որ Քոչարյանն ու Սարգսյանը կարող են խաղարկել «լավ ոստիկան-վատ ոստիկան» հնարքը, ինչը, սակայն, չի համոզում, որ նրանք հակասություններ չունեն: Ավելին՝ ամերիկյան դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Քոչարյանը պարզապես չի կարող երկրորդ ջութակի դեր կատարել այն մարդու մոտ, ում ինքն է բարձրացրել՝ մշտապես համարելով իր կրտսեր գործընկերը:

Պարզվում է, որ ամերիկացիները Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններին անձամբ են առչնվել, երբ 2007թ. հոկտեմբերին հարց էր դրված հայկական զինվորականների թվաքանակը Իրաքում ավելացնելու մասին: Դեսպանատան խնդրանքին Սարգսյանը խիստ դրական էր վերաբերվել, մինչդեռ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը ոչ մի դեպքում դրան չի համաձայնի: Քոչարյանն ամերիկացիներին հասկացրել էր, որ որոշում կայացնողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ ինքը, ուստի ամերիկացիները պետք է նման հարցերով այլեւս չդիմեն Սարգսյանին: Փենինգտոնը հավելում է, որ թեպետ Քոչարյանը հետագայում փոխել է իր որոշումը, բայց այս դիպվածը նրանց տարաձայնությունների առհավատչյաներից է: Դիվանագետը հիշատակում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրը, որի կապակցությամբ Քոչարյանը հայտարարել էր, թե իրեն բնավ չի հետաքրքրում՝ արդյո՞ք թուրքերը կբացեն սահմանները, մինչդեռ Ս. Սարգսյանը ցույց է տվել իր հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ՝ հրապարակայնորեն աջակցելով Թուրքիայի՝ ԵՄ անդամությանը: Ամերիկյան կողմի տեսանկյունից նման հարցերում Քոչարյան-Սարգսյան զույգի տեսակետների անհամապատասխանությունը տարաձայնությունների առկայության ցուցիչ է, սակայն գոյություն ունի մեկ այլ վարկած, ըստ որի՝ զույգը պարզապես խաղացել է միջազգային հանրության հետ՝ Սարգսյանին նրանց աչքում ընդունելի դարձնելու նպատակով: Բայց եւ այնպես, միանշանակորեն մերժելի չէ եւ այն, որ Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հակասություններ ունենալ առանձին հարցերի շուրջ, որոնք, սակայն, կհաղթահարվեն, եթե ռեժիմի գոյությունը վտանգի տակ դրվի:

Ինչեւէ, վստահելով Քոչարյան-Սարգսյան հակասությունների անկեղծությանը՝ Փենինգտոնը տեղեկացնում է, որ նրանց միջեւ տարաձայնությունները էլ ավելի են դրսեւորվել նախագահական ընտրությունների քարոզարշավում: Ամերիկացիների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ իր լեգիտիմությունը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե հայ հանրությունն ու միջազգային դիտորդները ինչպես կվերաբերվեն ընտրություններին: Փենինգտոնը հավելում է, որ Սերժ Սարգսյանի ու նրա կողմնակիցների` ճնշումներ բանեցնելու ռազմավարությունը գործնականում տապալեց այս մոտեցումը, բայց եւ այնպես բանավոր հարթակում Սարգսյանը շարունակեց կառչած մնալ դրանից: Մինչդեռ Քոչարյանը բացեիբաց դժվարություններ էր ստեղծում միջազգային հանրության հետ շփումներում, սահմանափակում միջազգային դիտորդների գործունեության արդյունավետությունը, վախեցնում լրատվամիջոցներին եւ լուտանքներ նետում ընդդիմության հասցեին: Փենինգտոնի կարծիքով՝ ի տարբերություն Քոչարյանի, ով սպառնում էր փակել Ազատություն ռադիոկայանը, Սերժ Սարգսյանն այս լրատվամիջոցի հետ կապված ամերիկացիների դիտարկումներին պատասխանել էր, թե այն ոչ մի փոփոխություն չի կարող մտցնել ընտրությունների օրը ստեղծվելիք իրավիճակում: Կարող ենք ենթադրել, որ Սարգսյանն անկեղծ է գտնվել՝ նշելով, թե ընտրողների տրամադրությունների վրա ազդեցություն գործելը նշանակություն չի կարող ունենալ ընտրությունների վրա, քանզի դրանք ի սկզբանե էլ ծրագրված են եղել կեղծելու: Այսուհանդերձ, Փենինգտոնի կողմից նախընտրական քարոզչության շրջանում Քոչարյան-Սարգսյան զույգի միջեւ տարաձայնություններ տեսնելը կարծես մի փոքր չափազանցված է: Դիվանագետը, ըստ էության, գրել է ոչ թե այն մասին, ինչ կար, այլ այն մասին, ինչ ինքը ցանկանում էր տեսնել: Քոչարյանի համեմատությամբ՝ Սարգսյանը որոշ չափով ավելի զուսպ է, սակայն երկուսի գործողություններն էլ ուղղված են եղել բացառապես սեփական հետաքրքրությունների բավարարմանը: Առավել ուշագրավ է Փենինգտոնի մեկնաբանությունը Քոչարյանի վարչապետական նկրտումների շուրջ, ինչին կանդրադառնանք հաջորդիվ:

Հեղինակ` ՀՈՎՍԵՓՅԱՆ

շարունակելի

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more