▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանը մեր նույն մարտական ընկերն է, որին բոլորս հարգում էինք»

Վերջին օրերին որոշ լրատվական կայքեր հրապարակել են հետախույզ-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի  հոդվածները Հայկական բանակի մասին, ուր տեղ են գտել նրա սպայակազմի հասեցին ուղղված մեղադրանքներ, կասկածներ Հայոց բանակի մարտունակության մասին:

Այս հրապարակումները մեծ վրդովմունք են առաջացրել նրա հետ նույն զորամասերում կռված մի շարք ազատամարտիկների շրջանում: Նրանք համոզված են, որ Վարդան Հովհաննիսյանը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ հետո ծառայության է անցել զինված ուժերում, իրավունք չուներ այդպես արտահայտվել բանակի, նրա մարտունակության և Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին:

Վարդան Հովհաննիսյանի հայտնած կարծիքների հետ իրենց անհամաձայնությունը հայտնելու համար մեզ հանդիպեցին նախկին կամավորականներ, այսօր քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ աստիճանի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը, պահեստի գնդապետ Հենրիկ Աբաջյանը, փոխգնդապետ Արթուր Ջիվանշիրյանը և պահեստի փոխգնդապետ Արտուշ Բալյանը: Նրանց խոսքն առանց որևէ միջամտության ներկայացնում ենք ընթերցողի դատին:

- Վարդան Հովհաննիսյանի հոդվածներից մեկում կա մի այսպիսի միտք. «Պատերազմը վերսկսվելու դեպքում Հայաստանը պարտվելու է, քանի որ հայ զինվորը պատրաստ չէ կրկնել ազատամարտիկների հերոսությունները, իսկ Հայկական բանակի գեներալներն ի վիճակի չեն լինելու «դասալիքների» փախուստի դեմն առնել»…:

- Մենք Վարդանին անձամբ ճանաչում ենք: Նա եղել է Հատուկ գնդի կազմում, այնուհետև` 5-րդ առանձին կամավորական մոտոհրաձգային բրիգադում: Հարգում ենք Վարդանին որպես ազատամարտիկ, որպես անհատականություն, ու ազնիվ մարդ: Սակայն նրա ձևակերպումներն այլ կերպ չես մեկնաբանի, քան իրարամերժ, տրամաբանությունից զուրկ ու ծայրահեղական: Ցավով ենք ասում, բայց Վարդանի գրածները լոկ անիմաստ բառակույտ են, որոնք որևէ աղերս չունեն այն իրականության հետ, որը կոչվում է Արցախյան ազատամարտ: Իսկ այդ իրականությունն այն պատերազմն էր, որը մենք կռվեցինք ու ի վերջո` հաղթեցինք: Եվ հիշենք մի պարզ բան. մեր լավ ընկեր Վարդանը շուրջ 15 տարի կտրված է Հայկական բանակից, նրա ապրած զարգացումներից և զինված ուժերի մասին մեր զինակից ընկերոջ պատկերացումներն, այսօր, ցավոք, կազմված են միայն էլեկտրոնային կայքերում հրապարակված կցկտուր նյութերից կամ բանակից նեղացած ինչ-որ մարդկանց խոսքերից, ինչն անընդունելի է մեզ համար:

Վարդանը ո՞րտեղից է քաղել այս «փաստերը»: Եթե նա գոնե մի փոքր տեղեկացված լիներ Հայոց բանակի մասին, ապա այս ոճով չէր խոսի: Հայկական բանակի զինվորն այսօր ավելի առնական է, ավելի կազմակերպված է, ավելի ապահովված է և վերջապես ավելի զինված է: Բանակում ստեղծված են բոլոր պայմանները զինվորի կենսագործունեության, նրա մարտական պատրաստության բարելավման համար: Հայ զինվորը ամուր կանգնած է մեր սահմաններում: Դա են վկայում ադրբեջանական բանակի բոլոր ձախողված ոտնձգությունները:

Այսօր կան զորամասեր, զորամիավորումներ, և բոլորը խստիվ ենթարկվում են օրենքին: Ջոկատների ժամանակ, եթե նրանց հրամանատարները կամ մարտիկներն ասում էին, թե չեն ուզում այստեղ կամ այնտեղ կռվել կամ գնում պտտվում էին մերձռազմաճակատային գծերում և հետ էին դառնում հերոսների անուն վաստակած, ապա այժմ իրավիճակը բոլորովին այլ է և երբեք էլ այդպես չի լինի: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր խնդիրը, կատարում ու կատարելու է այն և կան օրենքներ, որոնց միջոցով այդ ամենը վերահսկվում է: Այսպիսով, այն միտքը, որ հայկական բանակի գեներալները ի վիճակի չեն լինի «դասալիքների» փախուստի դեմն առնել, ինքնին լուրջ չէ:

- Մեկ այլ հրապարակման մեջ Վ.Հովհաննիսյանը գրել է, թե հայկական կողմը համոզում է, որ ղարաբաղյան պատերազմին մասնակցել են մոտ 150.000 հայորդիներ, իսկ իրականում այդ թիվը չի գերազանցում նույնիսկ 5.000-ը: Դուք նույնպես Արցախյան ազատամարտի մասնակիցներ եք. Ձեր կարծիքով ինչքա՞ն մարդ է մասնակցել պատերազմին:

- Վարդանն ուղղակի չի կարող 5.000-ի մասին խոսել, քանի որ միայն այն առաջին երկու զորամասերում, որտեղ ծառայել է նա, առնվազն երկու անգամ ավելի մարդ էր կռվում: Սա ասում ենք մենք, մարդիկ, ովքեր տիրապետում ենք բավական ինֆորմացիայի այդ երկու զորամասերի մասին:

Մենք իհարկե չենք ասում, որ 150.000 մարդ է մասնակցել պատերազմին, բայց այդ թիվը երբեք և ոչ ոք չի ասել: Դա հորինված թիվ է:

- Իսկ ճի՞շտ են այն պնդումները, թե այսօր հայտնվում են մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին լինելով թիկունքային ծառայությունում, Ղարաբաղի տեղն անգամ չիմանալով` այժմ չգիտես թե որ «սխրագործությունների» համար գնդապետի կոչում և պետական պարգևներ են ստանում:

- Չմոռանանք, որ պատերազմն արդեն 19 տարի է, ինչ ավարտվել է և կան զինվորականներ, ովքեր պատերազմից անմիջապես հետո են մտել բանակ և արդեն 19 տարի է բարեխղճորեն ծառայում են Հայկական բանակում: Նրանք ավարտել են ռազմական ինստիտուտներ, ակադեմիաներ, զինվորական տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ղեկավարում են մարտական հերթապահությունն ու սահմանների պաշտպանությունը և ինչո՞ւ չպետք է գնդապետի կոչում ու մարտական պարգևներ ստանան: Ո՞վ է ասել, որ միայն պատերազմով անցած մարդիկ պետք է գնդապետի կոչում ստանան, իսկ ո՞վ է ասել, որ հիմա խաղաղություն է: Եկեք միմյանցից տարբերենք զինադադարն ու խաղաղությունը:

Այս հարցադրումը, թե ինչո՞ւ են նրանք պարգև ստանում, մեղմ ասած, արադրացի չէ:

Համոզված ենք, որ եթե Վարդանը մնար բանակում և ստանար զինվորական կրթություն, այսօր բարձր պաշտոնների հասած կլիներ, բազմաթիվ մեդալներ, գուցե նույնիսկ գնդապետի կոչում կունենար:

- Վարդան Հովհաննիսյանը գրել է, թե պաշտպանության նախարարը մենակ է մնացել և նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողում նրան ազատ գործել: Եվ մի պաշտպանության նախարարով ոչինչ չես փոխի. մեկ նախարար` հազար պրոբլեմ: Ըստ նրա` նախարարը ոչնչից տեղյակ չէ, անգամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ընդունարանում:

- Այսօր բանակի բոլոր ստորաբաժանումներում, բոլոր կառույցներում, պաշտպնության նախարարության բոլոր վարչություններում բարձր պրոֆեսիոնալներ են ծառայում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց մեջ հավանաբար ամենապրոֆեսիոնալն է, անցել է կուրսանտից մինչև պաշտպանության նախարար ընկած երկար ու դժվարին ճանապարհը, այդ թվում նաև պատերազմական ամբողջ ժամանակահատվածը: Իր անձնական ունակությունների և ՊՆ աշխատակազմի լավ աշխատանքի շնորհիվ Ս. Օհանյանը ամբողջությամբ տիրապետում է բանակում տիրող իրավիճակին:

Եթե Վարդանն ու ոմանք կարծում են, թե պաշտպանության նախարարը մենակ է մնացել, ապա մեզ բոլորիս մեղադրում են այն բանում, որ մենք հայրենասեր չենք, չենք կատարում մեր պարտականությունները, լավ չենք աշխատում: Գոնե ճանաչելով իր ընկերներին, նա չպետք է այդպիսի բան ասեր: Նրա այս որակումները ստիպում են, որ մենք մտածենք, թե արդյո՞ք նա մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք:

- Իր երկրորդ հրապարակման մեջ նա նաև գրել է, որ Վազգեն Սարգսյանի ամենամոտ զինակիցներից մեկը խոստովանել է, որ 1992թ. տարածքային կորուստներից հետո Վազգենը արդեն սկսել էր ազատամարտիկների հանդեպ ատելություն դրսևորել և այդ էր պատճառը, որ շատ հարցերում նա հենվում էր ներքին գործերի իր զինակիցների վրա, և ոչ թե ազատամարտիկների: Արդյոք կարո՞ղ էր Վազգեն Սարգսյանի ամենամոտ զինակից ընկերը նման բան ասել:

- Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը եթե այդպես է արտահայտվում Սպարապետի մասին, ուրեմն նա չգիտի, չի ճանաչում Վազգեն Սարգսյանին: Ինչպե՞ս կարող էր Վազգենը կորցնել վստահությունն իր հրամանատարների, ազատամարտիկների նկատմամբ: Վազգենը նրանց համար մնաց սրբություն, սրտակից ընկեր, հրամանատար: Իսկ եթե ինչ-որ մեկը այդպիսի բան է ասել, ապա նա չէր կարող Վազգենի ամենամոտ զինակիցներից մեկը լինել: Դա ուղղակի սրիկայություն է, և նրանք, ովքեր դիպչում են Սպարապետի հիշատակին, սրբապիղծներ են:

Մենք ուղղակի կոչ ենք անում Վարդան Հովհաննիսյանին, որ նա ուշքի գա, սթափվի, հասկանա, թե ինչ է անում և, եթե նկատում է ինչ-որ խնդիրներ, ապա թող հետ վերադառնա Հայաստան, միանա մեզ և թող փորձի իր հնարավորություններով օգտակար լինի բանակի ամրապնդման գործընթացին:

 

 

Հարցազրույցը վարեց Աշոտ Իսրաելյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more