▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային «Միշան» վերջապես խոսեց

Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացրած Ցարնաեւ եղբայրների խճճված պատմության ամենամութ դրվագներից մեկը ոմն «Միշան» է, ում Տամերլանի եւ Ջոխարի հորեղբայրը` Ռուսլան Ցարնին բնութագրել է որպես դավանափոխ հայի, ով իբր «լվացել է» Տամերլան Ցարնաեւի ուղեղը եւ դրդել հանցագործության։

Արեւմտյան, ռուսական եւ, իհարկե, ադրբեջանական մամուլն անմիջապես տարածել են այդ տեղեկությունը, փութաջանորեն շեշտը դնելով առեղծվածային «Միշայի» հայկական ծագման վրա։ Ամերիկահայությունը խիստ է արձագանքել, ընդգծելով, որ համայնքը որեւէ կապ չի կարող ունենալ նման մարդու հետ, եւ իրավապահներին կոչ է արել գտնել նրան ու պարզաբանումներ պահանջել։

Եվ ահա «Միշան» հարցազրույց է տվել «Նյու Յորք Բուքս Ռեւյու» հանդեսին։ Լրագրող Քրիսթիան Ցերիլը Ռոդ Այլենդ նահանգում է հանդիպել նրան, տեղեկացնում է azatutyun.am-ը:

«Միշայի» իրական անուն-ազգանունն է Միխայիլ Ալլախվերդով։ Նա ապրում է տարեց ծնողների հետ բավական համեստ բնակարանում։ Նա խոստովանել է, որ իսլամ է ընդունել եւ իսկապես ժամանակին ճանաչել է Ցարնաեւ եղբայրներին։

Նա կտրականապես հերքում է եղբայրների վրա ազդեցություն գործելու եւ նրանց ահաբեկիչ դարձնելու մասին լուրերը։

Նրա հայրը հայ է, մայրը` ուկրաինուհի: Ալախվերդովն ասել է, որ Ցարնաեւների հետ ծանոթացել է Բոստոնում, որտեղից երեք տարի առաջ է տեղափոխվել Ռոդ Այլենդ նահանգ։ Միխայիլը պնդում է, որ դրանից հետո երբեւէ շփում չի ունեցել եղբայրների հետ։

Նա ասել է, որ իրեն արդեն հարցաքննել են Հետաքնությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։ Նա հավաստիացնում է, որ փորձում է օգնել ահաբեկչության այս գործի հետաքննությանը։


Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի ծառայող, որի անունը լրագրողը չի նշում, ասել է, որ Բոստոնի ահաբեկչության եւ «Միշայի» միջեւ կապ չի հայտնաբերվում։

Լրագրող Քրիսթիան Ցերիլի փոխանցմամբ, մի հարց դեռ պատասխան չունի` ինչո՞ւ է Ցարնաեւների ընտանիքը փորձում Բոստոնի պայթյունները կապել «Միշայի» հետ։ Ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող մի մարդ ասել է, թե «Միշան» Բոստոնում չի այցելել Ցարնաեւներին։ «Ես նրա հետ զրուցել եմ ռուսերեն, իմ կարծիքով, եթե նրանք շփվել են, ապա, ամենայն հավանականությամբ, խոսել են ռուսերեն», - նշել է Քրիսթիան Ցերիլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more