▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտիստներն առաքյալների պես պիտի լինեն՝ ստանան և փոխանցեն. Հրաչուհի Բասենց

Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վիվա Վերդի 200 գալահամերգը՝  նվիրված Ջուզեպպե Վերդիի 200-ամյակին:

Գալահամերգի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածներ ՝ տարբեր մեկնաբանությամբ: Երեկոյի հատուկ հյուրը ճանաչված ու սիրված սոպրանո Հրաչուհի Բասենցն էր:

«Մեզ համար շատ մեծ տոն է այս տարի, որովհետև նշում ենք Վերդիի 200-ամյակը: Այդ կապակցությամբ կազմակերպեցինք գալահամերգ, որին մասնակցեցին մեր թատրոնի մենակատարները, նվագախումբը:  Միևնույն ժամանակ  մենք հրավիրել էինք Հրաչուհի Բասենցին, ով ժամանեց  Գերմանիայից, որպեսզի մասնակից լինի այս համերգին,  և կարողանանք հնարավորինս գեղեցիկ տոնել  Վերդիի ծննդյան 200-ամյակը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համերգի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Հրաչուհի Բասենցը,  ով բազմիցս հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու գնահատանքին է արժանացել աշխարհի տարբեր բեմերում, ներկայացրել է  համերգի երկրորդ բաժինը:

Երգչուհին այժմ  Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական Օպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից է:

Տարիներ անց  Հրաչուհի Բասենցը կրկին  հայրենքիում էր: Երկար բացակայությունից հետո  հայկական բեմից՝  հայ հանդիսատեսի համար ելույթի մասին իր տպավորություններով  երգչուհին կիսվեց ASEKOSE.am-ի թղթակցի հետ.

«Զգացողություններս տարբեր էին: Չնայած նրան, որ ես երբեք ելույթի ժամանակ հուզմունք չեմ ունենում, այս անգամ շատ հուզված էի: Մի կողմից այն, որ լուրջ,  մեծ ծրագիր էի ներկայացնելու՝ արիաներ, զուգերգեր  ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Արնոլդ Քոչարյանի և հրաշալի երիտասարդ տենոր Հովհաննես Այվազյանի հետ և պատիվ ունեի ներկայացնելու համերգի երկրորդ բաժինը, մյուս կողմից՝  երկարատև բացակայությունից հետո առաջացել էր օտարության բարդույթ, որը, իհարկե,  առաջին համարից հետո հօդս ցնդեց:  Հանդիսատեսն  իմ հարազատներն էին, դասախոսները, ընկերներս և բոլոր այն երաժիշտները,  ում հետ տարիներ առաջ տարբեր համերգներով հանդես ենք եկել, մի խոսքով «մերոնք» էին և,  բոլորին   կարոտել էի»:

Հրաչուհի Բասենցի ձայնը հնչել է աշխարհի տարբեր բեմերից: Երգչուհին ելույթներ է ունեցել    Ռուսաստանում, Կիպրոսում, Լեհաստանում, Թուրքիայում, Հյուսիսային Կորեայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում:

Այնուամենայնիվ, ի՞նչ է տալիս հայ հանդիսատեսը, այն անկրկնելին, յուրահատուկը, որ անհնար է ստանալ աշխարհի որևէ այլ անկյունում. ի պատասխան մեր հարցին՝ երգչուհին պատասխանեց.

«Չեմ ուզում ասել,թե դրսի հաջողություններով չեմ ուրախանում կամ անտարբեր եմ,  կամ դրանք ինձ համար կարևոր չեն:  Շատ կարևոր են,բայցևայնպես,  միշտ կա դատարկության զգացում:  Երբ դու քո երկրում ընդունված չես լինում, կարծես մորը կորցրած, որդեգրված  երեխա լինես: Համենայն դեպս,  ինձ մոտ մշտապես այդ զգացումն է, որ սրտխփոցներ է առաջացնում հայ հանդիսատեսին՝ որպես ունկնդիր ունենալիս դրսում, առավել ևս հայրենիքում: Եվ վերջապես ցանկանում ես կիսվել բոլոր հաջողություններովդ,փորձառություններով, ինչու չէ,  նաև գործի փոխանակման նկատառումներով»:

 2006 թվականից Հրաչուհի Բասնեցը  հրավիրվել է աշխատելու Գերմանիայի Գելզենկիրխենի թատրոնում և  6 ամիս անց արժանացել թատրոնի ամենամյա բարձրագույն մրցանակին: 2011-ին Բավարիայի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշի կողմից պարգևատրվել է Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցանակով: Իսկ այս տարի՝ «Վերդիի Ձայներ» միջազգային մրցույթում երգչուհին արժանացել է  2-րդ մրցանակին: 

Մրցանակները շատ են, բոլորն էլ թանկ. ո՞րն է,  այնուամենայնիվ, ամենամեծ գնահատականը.

«Այս հարցին չեմ կարող մեկ պատասխանով բավարարվել: Կարծում եմ`  ինձ հետ կհամաձայնեն շատերը, որ ամենադժվարը հայրենիքում գնահատվելն է...ամենադժվար հանդիսատեսը՝  հայրենակիցներն են: Համերգները վերածվում են հաշվետվության նման մի բանի... Ամենամեծ գնահատականը նաև հանդիսատեսի հիացական, երջանիկ, երբեմն նաև թաց աչքերն են, երկրպագուներս, նրանց ջերմ վերաբերմունքը, նամակները: Ի վերջո զուտ մասնագիտական առումով, կարծում եմ, ամենամեծ գնահատականն այն է, երբ գալիս է ժամանակ, որ  արդեն մասնագիտությունն է աշխատում քեզ համար, երբ արդեն սկսում ես ինքդ ընտրել երգացանկդ ու վայելել»:

Երգչուհին մեկ անգամ ևս շեշտեց, որ հպարտությամբ է ներկայացնում Հայաստանը.

«Ես իմ հարցազրույցներում բազմիցս խոսել եմ այս մասին, թե ինչքան հպարտ եմ լինել հայուհի բառիս բուն իմաստով՝ լինել հայ կին, հայ մայր, հայ երգչուհի ՝որն է սիրող, պաշտպանող, դաստիարակող,արժեքների փոխանցող, աղոթող, հուսացող և պայքարող: Այդ ամենի գիտակցումը ինձ միայն ուղղորդում է, սթափ է պահում բոլորիս հայտնի որոշ ոլորտներում արժեզրկված Եվրոպայում»:

Մեզ հետ զրույցում Հրաչուհի Բասենցն առանձնացրեց ամենակարևոր նվաճումը.

«Ինձ համար որպես արտիստ, երգչուհի, շատ կարևոր է մարդկանց սրտերը թակել և այն ինչ կոմպոզիտորը, գրողը ցանկացել են մարդկանց հասցնել, կարողանամ փոխանցել: Արտիստները առաքյալների պես պետք է լինեն՝ ստանան և փոխանցեն: Չե որ բարձրակարգ երաժշտությունը կրթում, դաստիարակում և բժշկում է: Այնտեղ, որտեղ այլևս անզոր է դառնում խոսքը, մեծ հաջողություն է ունենում երաժշտությունը: Ըստ իս սա է ամենակարևոր նվաճումը»:

Ամենակարևոր «նվաճումը»  նաև  արձագանքներն են, գնահատանքի ջերմ խոսքերը.

«Հրաչուհին, ապրելով և ստեղծագործելով Գերմանիայում, մնում է հայ արտիստ և հայակական  վոկալ դպրոցի ներկայացուցիչ, ինչը շատ կարևոր է մեզ համար: Հրաչուհու կատարումը փայլուն էր:  Ես չեմ ուզում ընդգծել, որ Հրաչուհին շատ տաղանդավոր է, որովհետև դա արդեն փաստ է: Գեղեցիկ տեմբր ունի, երգելու մտածելակերպ, որը շատ կարևոր է: Շատ հմայիչ է և բեմական: Անկախ իմ ցանկությունից միևնույն է նա իր կարիերան անում է և բավական հաջող: Վստահ եմ, որ նա հաղթահարելու է շատ լուրջ բեմահարթակներ: Մի փոքր ժամանակ է միայն հարկավոր: Օպերային թատրոնի համար նա հյուր չէ, թատրոնը նրա տունն է, և ցանկացած ժամանակ նա կարող է այստեղ ելույթ ունենալ: Նա մեր գործընկերն է և մենք շատ ուրախ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց մաեստրո Կարեն Դուրգարյանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հրաչուհի Բասենցի դասախոս Գայանե Գեղամյանը ևս սիրով զրուցեց մեզ հետ. 

 «Համերգը հիանալի էր՝ հատկապես երկրորդ բաժինը: Ես շնորհակալ եմ Կարեն Դուրգարյանին, որ հնարավորություն ընձեռեց Հրաչուհուն ելույթ ունենալ:  Դա Հրաչուհու վաղեմի երազանքն էր՝  հանդես գալ օպերային թատրոնի բեմում, քանի որ կոնսերվատորիան ավարտելուց հետո միանգամից մեկնեց  Գերմանիա՝ պայմանագրային հիմունքներով աշխատելու: Ստացավ հրավերք և չհասցրեց մեր թատրոնում երգել, չնայած դեռ ուսանող տարիներից աշխատում էր օպերային ստուդիայում և մասնակցում բոլոր ներկայացումներին: Դեռ երկրորդ կուրսում նա դարձավ Իսահակայանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր, դեռ 17 տարեկանում, դա նրա առաջին հաղթանակն էր: Այնուհետև հաջորդեցին մի շարք մրցույթներ: Նա օժտված է հիանալի երաժշտական տվյալներով, գեղեցիկ արտաքին, հրաշալի ձայն: Ուսանողական տարիներին շատ աշխատասեր ու պարտաճանաչ էր: Հրաշալի անձնավորություն է Հրաչուհին՝  մաքուր, բարոյական, մարդկային, մի խոսքով՝ իսկական արվեստագետ: Նրա տաղանդը և պրոֆեսիոնալիզմը ուղղակի հիացնում են»:

Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց, որ  Հրաչուհի Բասենցը կրկին հրավիրելու է Հայաստան:

 «Արդեն մտածում ենք, որ Հրաչուհուն հրավիրենք կոնկրետ ներկայացումների: Պետք է հասկանանք թե 2014 թվականին ինչ ներկայացումներով կցանկանա մեզ հետ ելույթ ունենալ:

Թատրոնը սպասում է նրան»,-հավելեց մաեստրոն:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

72157637086694886

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more