▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնացի'ր մղձավանջից, Կոմանդոս. Վազգենը չկա, բայց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի մասին` նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»:

Կոմանդոսը նաև շեշտել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին. «Հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին: Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»:

Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերը տարատեսակ մեկնաբանությունների են արժանացել: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմանդոսը, մեղմ ասած, շատ վատ խաղի մեջ է ներքաշվել, չի հասկանում, որ իր ձեռքով իր իսկ անցած ճանապարհն է ուրանում... այրելով բոլոր կամուրջները իրենից հետո... Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս»:

ԳԱԼԱ-ն զրուցել է Արմեն Սարգսյանի հետ, ով գտնում է, որ վերոհիշյալ մտքերը Կոմանդոսինը չեն. «Այստեղ ուրիշ խաղացողներ կան, ովքեր ուզում են գեներալի ձեռքով շագանակ դուրս բերեն կրակից: Իսկ, եթե ես սխալվում եմ, շատ ավելի վատ Կոմանդոսի համար..: Կան օրինաչափություններ, որոնց վրայով անցնելը, մեղմ ասած, սրբապղծություն է, սա իմ մասնավոր կարծիքն է: Էնպես չէ, որ չեմ կարող գնահատական տալ Վազգենի անմնացորդ նվիրվածությանը այս երկրին, «ավելի ճիշտ Վազգենի ու մաքուր հայերի երկրին»: Եվ էնպես էլ չէ, որ չեմ կարող Կոմանդոսին հիշեցնել, թե որտեղից է եկել և ուր է գնում... Ես հարգում և խոնարհվում եմ բոլորի առաջ, ովքեր անցել են ազատագրական պայքարի ճանապարհը, առավել ևս ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Տեր-Թադևոսյանին ուզում եմ հիշեցնել, Վազգենը անհատականություն էր, և Վազգենի հետ քայլող մարդկանց «խմբավորում» որակելը պատիվ չի բերի քեզ... նրանք էրգրի զինվոր էին, համախոհ էին, նվիրյալներ էին, ի վերջո մահապարտ էին:

Եթե զինվորը, համախոհը, նվիրյալը, մահապարտը, վերացրեց իր ընկերոջն ու Սպարապետին, ուրեմն մենք որպես ազգ գոյատևելու իրավունք չունենք: Տեր-Թադևոսյան, Վազգենը չկա, բայց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են, և մենք պատրաստ ենք հակադրվել քո հետ: Ուղղակի չեմ հասկանում էս մարդուն, Արկադի, կանգ առ: Դու չես, որ պիտի գնահատես Վազգենի ճիշտն ու սխալը: Մի հարց ունեմ Արկադի Իվանիչին, էդ ծանրացած հոգով ո՞նց ես ապրելու, ո՞նց ես Եռաբլուր գնալու, ի վերջո իմ չէ, Վազգենի մոր աչքերին ո՞նց ես նայելու... Երանի քեզ, Վազգեն ջան, որ հեռու ես ու չես տեսնում էս քաոսը»:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more