▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյան. «Յուրչենկոյից դեռևս պատասխան չենք ստացել»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ազգային ընտրանի հրավիրված Դավիթ Յուրչենկոյին, որը ներկայումս պաշտպանում է Մախաչկալայի «Անժիի» գույները:

«Դավիթ Յուրչենկոյին հրավեր ենք ուղարկել, սակայն դեռևս վերջնական պատասխան չենք ստացել, սպասում ենք: Նա պետք է որոշում կայացնի, եթե ցանկանա Հայաստանի հավաքականում խաղալ, մեծ հաճույքով նրան կընդունենք»:

Հայ մարզիչը անդրադարձել է նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին և «Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանին: Վերջինս նույնպես հրավեր է ստացել ազգային հավաքականից:

«Արմեն Համբարձումյանին ավելի շատ հրավիրել ենք ծանոթանալու նպատակով, քանի որ նա չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը, որովհետև նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներում, և նրա փաստաթղթերի հարցը դեռ ընթացքի մեջ, այնպես որ այս խաղին նա չի կարողանա մասնակցել: Սակայն կմարզվի հավաքականի հետ, և տեսնենք՝ ինչ կլինի:

Իսկ ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա հնարավոր է, որ մոտ ապագայում տեսնենք նրան հավաքականում, բայց որոշումը պետք է ֆուտբոլիստը կայացնի: Նրա հետ ևս խոսել ենք այս թեմայի շուրջ, ինքը պետք է խոսի իր թիմի ղեկավարության հետ, նոր մեզ վերջնական պատասխան տա, բայց, կարծում եմ, այս խաղին չենք հասցնի»:

Հիշեցնենք՝ Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more