▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ASALA-ին նվիրված Հուշակոթողի հանդիսավոր բացումը Վանաձորում

Տ. Ոսկան արք. Գալփակյան. «Երբ գաք այստեղ, համբուրեցե՛ք այս հուշարձանը, հավատալով, որ համբուրում եք ճակատը ամեն մեկ ԱՍԱԼԱ-ի նահատակի»:

 

Տ. Սեպուհ արք. Չուլջյան. «ԱՍԱԼԱ-ի նահատակները մեր ազգի իրական հերոսներ են, և պետք է որ մեր երկրի յուրաքանչուր քաղաքում և գյուղում, ի հիշատակ այդ տղաների հուշակոթողներ կանգնեցվի, որպեսզի մեր նոր սերունդը իր երկրում գլուխը բարձր պահի, ես այս տղաներին համարում եմ որպես իսկական նահատակներ»:

 

Կիրակի, հունվարի 26-ին, Վանաձորի Սբ. Աստվածածին եկղեցում, նախագահությամբ Գուգարց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի, Տ. Ստեփանոս քհն. Մարգարյանի ձեռամբ և ներկայությամբ Սբ. Էջմիածնի ավագ միաբան Տ. Ոսկան արք. Գալփակյանի, մատուցվեց Սբ. Պատարագ, ի հիշատակ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ - ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների:

Այնուհետ Տեր Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, եւ ապա եկեղեցու նահատակաց պուրակում տեղի ունեցավ ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթողի բացումը, ուր օրվա առիթով իրենց խոսքն ասացին Սրբազան Հայրերը, հնչեցին Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) անդամների կողմից երախտիքի խոսքեր, ԱՍԱԼԱ-ի «ՎԱՆ» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի խոսքը և Հայկական Ժողովրդային Շարժման Երևանի ներկայացուցչության պատգամը:

Սեբուհ Սրբազանն իր խոսքում նշեց, որ «Հայ գաղտնի բանակի նահատակները մեր ազգի իրական հերոսներ են, և պետք է, որ ոչ միայն այս եկեղեցու տարածքում, այլ մեր երկրի յուրաքանչուր քաղաքում և գյուղում, ի հիշատակ այդ տղաների հուշակոթողներ կանգնեցվի, որպեսզի մեր նոր սերունդը տեսնելով և ճանաչելով այդ ամենը ոգևորվի, հպարտանա և իր երկրում գլուխը բարձր պահի: Ես այս տղաներին համարում եմ իսկական նահատակներ, որոնք հերոսաբար մարտնչեցին և իրենց կյանքը զոհաբերեցին այս սուրբ ճանապարհին»:

Տ. Ոսկան արք. Գալփակյանը ասաց. «Այս րոպեն մեզ համար հպարտանքի րոպե է, որովհետև Հայաստանի տարածքին երկրորդ հուշարձանն է, հետ Եռաբլուրի հուշարձանի, որ կանգնում է այն նահատակների հիշատակին, որոնք կոչվում են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի զինվորներ»:

Սրբազան Հայրը շեշտելով, որ «գերագույն հպարտությունը որևէ մարդ կարող է ունենալ, եթե իր անձը զոհում է Հայրենիքի համար»,- հավելեց. «Այս հուշարձանը հպարտության շարժառիթ է Վանաձորի հայ ժողովուրդի համար»:

Գալփակյան սրբազանն ապա իր երախտագիտությունը հայտնելով այն վանաձորցիներին, որոնք հղացան և կառուցեցին հուշարձանը ու նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանին, որ օրհնեց հուշարձանը եկեղեցու բակի մեջ, ասաց. «Սա ոչ թե միայն քար է, սա ճակատն է մեր ամբողջ նահատակներուն, որոնք նահատակվեցան հայ ժողովրդի Դատի համար» եւ խոսելով ԱՍԱԼԱ-ի մասին հավելեց. «ԱՍԱԼԱ-ն ոչ միայն բանակ է, այլ նաև գաղափարախոսություն: Գաղափարախոսություն, որով յուրաքանչյուր հայ մարդ պետք է դաստիարակի իր զավակը: Դաստիարակի, որ մենք իրավունք ունենք, որ մեր իրավունքը, մեր Դատը արդար է և պիտի չխնայենք այդ իրավունքին հասնելու համար թեկուզ մեր կյանքը, այլապես մենք ամբողջ տանուլ տված կլինենք մեր պատմությունը: Մեր պատմությունն է Վանը, մեր պատմությունն է Սիսը, մեր պատմությունն է Էրզրումը: Չենք կարող մոռանալ և պիտի չմոռանանք»:

Սրբազան Հայրն իր խոսքի ավարտին հորդորեց բոլորին. «Երբ գաք այստեղ, համբուրեցե՛ք այս հուշարձանը, հավատալով, որ համբուրում եք ճակատը ամեն մեկ ԱՍԱԼԱ-ի նահատակի»: Նա եզրակացրեց. «Մեր ներկա հայրենիքը մեր իրական հայրենիքի մի փոքր մասն է: Հայ ժողովուրդը պիտի շարունակի ապրել դարեր, եթե պետք է, այն հավատքով, որ ինքը կհասնի այն արդարության որ պետք է աշխարհը և Թուրքիան հատուցի մեր ժողովուրդին»:

ԱՍԱԼԱ-ի «ՎԱՆ» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանն իր խոսքում ասաց. «Շատ կարևոր երևույթ է, որ մեր նահատակ ընկերները, ինչպես Երևանում՝ Եռաբլուր, նաև այստեղ ունեցան իրենց հուշակոթողը»:

Նա նշեց. «1975 թվականը հայերու համար եղավ պահանջատիրության հիմքը, սկիզբ դնելու տարի  և այնուհետ Ապրիլի 24-ը ՍԳՈ ՕՐԻՑ վերածվեց ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ»,- եւ եզրակացրեց, որ Մենք այս հավատքի, հպարտության և պայքարի ջահը փոխանցում ենք նոր սերնդին:

Հայկական ժողովրդային շարժման Երևանի ներկայացուցչության պատգամն փոխանցեց Ալֆրեդ Նավասարդյանը, ուր ի մասնավորի ասվում էր «Այսօր Վանաձորում մեզ հետ է աշխարհի տարբեր ծայրամասերում գտնվող հայ երբեմնի այն երիտասարդ սերունդը, որն իր երիտասարդական հանգիստը, ընտանեկան ջերմ անկյունը, ուսումը, շատ անգամ առողջությունը, ապագան և կյանքը զոհեց, որպեսզի վերակենդանացվի և ապրի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Նա հավելեց. «Վանաձորում տեղադրված այս ժայռաբեկորը հայության հերոսական կամքի վկայությունն է, խտացված պատմությունը: Ժայռաբեկորը հայացք ունի ոչ միայն դեպի մոտիկ անցյալի հերոսական էջերը, այլ դեպի ԱՊԱԳԱ, դեպի պատմության էջեր շրջող ԱԴԱՄԱՆԴՅԱ ՈԳՈՒ վերակենդանացումը»:

Պատգամն եզրակացնում էր. «1975-ից սկիզբ առած գործը դեռ չի ավարտվել: Այդ սերնդի անցած ճանապարհը մեր սերնդի այսօրը և գալիք սերնդի ապագան է դառնալու»:

Ա. Նավասարդյանը վերջում ՀԺՇ-ի անունից շնորհակալություն հայտնվեց հուշակոթողի կառուցման գաղափարը հղացողին և այն իրականացողներին:

Հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության Նախարարության զորամասերից զինվորներ, Վանաձորի Երկրապահ կամավորական ջոկատի ներկայացուցիչներ և պատանի երկրապահներ, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկներ և համակիրներ, մտավորականներ և հոծ թվով վանաձորցիներ:

Հուշակոթողը հղացվել, կառուցվել և տեղադրվել է՝ Պողոս Հակոբյանի, Ռազմիկ Մադարյանի և Քարդակագործ Արա Հովհաննիսյանի անխոնջ աշխատանքներով:

 

«Հայաստան» լրատու ցանց, Վանաձոր,

28 հունվարի, 2014 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more