▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված թող Ձեր ձայնը լսեր.Գալուստ Սահակյանը` Լևոն Զուրաբյանին

«Հանրապետական» խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ով նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և համանուն խմբակցությունը քննարկել և միաձայն որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով և ելույթ ունենալով` շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Պատասխանատվությունը մեծ է, բայց ինձ համար առավել գնահատելի է վստահությունն է ոչ միայն իմ անձի, այլև հետագա գործունեության հետ կապված: Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարևորը  այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել Հայաստանի խորհրդարանի կողմից գործունեության ամբողջ ընթացքում:

Առավելագույնս անհրաժեշտ է բարձրացնել մշտական հանձնաժողովների աշխատանքը, օրենսդրական աշխատանքների ընթացքը պետք է ապահովել հանձնաժողովներում, ցանկացած օրենքի նախագիծ հիմնականում շրջանառվում է մեկ ամիս, կարծում եմ` նախագծերի քննարկումները պետք է սկսել դրանց շրջանառության պահից: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը կախված է ոչ միայն լիագումար նիստերին պատգամավորների մասնակցությունից, այլ ամենօրյա աշխատանքից: Բնական եմ համարում նաև լիագումար նիստերի ընթացքում քաղաքական բանավեճերը և վերլուծությունները»:

Նրան հարց ուղղեց ՀԱԿ պատտգամավոր Լևոն Զուրաբյանը` նշելով, որ նա գիտի, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է պատգամավորական ստատուսը համատեղել ձեռնարկատիրական գործունեության հետ: «Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ: Հրապարակվել են տվյալներ նաև Ձեր` գծատեր լինելու վերաբերյալ: Խնդրում եմ բացատրություն տալ այդ առիթով: Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ որևէ պատգամավոր, իսկ նրանք հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորներն են, իրավունք ունեն խախտել Սահմանադրությունը և համատեղել ձեռնարկատիրական գործունեությունը պատգամավորկաան մանդատի հետ»,-հարցրեց Լևոն Զուրաբյանը:

Ի պատասխան հարցին` Գալուստ Սահակայնն ասաց. «Ոչ միայն պատգամավորները, այլև քաղաքացիները իրավունք չունեն խախտել Սահմանադրությունը: Ինչ վերաբերում  պատգամավորական գործունեությանը, կողմնակից եմ, որ պատգամավորները ավելի ակտիվ լինեն և օր ու գիշեր զբաղվեն պատգամավորական գործով: Բնական է, օրենք արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Իհարկե, բաժնետերեր կարող են լինել, դա օրենքը չի արգելում: Ինչ վերաբերում է իմ գծերին, դեռևս 1992թ.-ին եմ ասել. այո', ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Աստված թող Ձեր ձայնը լսեր, ունենայի նաև բիզնես և բաժնետեր լինեի: Նույնը կցանկանայի բոլորիդ և ամբողջ ժողովրդին: Ես որևէ իզեսից չեմ օգտվում, շատ անհարմար վիճակում եմ ինձ գտնում, որովհետև դրանից բան  էլ չեմ հասկանում»:

Նշենք, որ ԱԺ նախագահին ընտրում են գաղտնի քվեարկությմաբ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more