▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհասփյուռ հայությունը մարտակա՞ն է տրամադրված, թե՞ լոկ բառեր են…կյանքը ցույց կտա

«...Ճիշտն ասած` ես մեր սփյուռքից ավելի մեծ ակնկալիքներ ունեի, քան իրականում ականատես եմ, քանի որ, երբ համեմատում եմ մեր աշխարհասփյուռ հայության գործունեությունը` ուղղված Հայաստանի բարգավաճմանը և զարգացմանը, աշխարհասփյուռ հրեաների գործունեության հետ` ուղղված Իսրայելի հզորացմանը, հասկանում եմ, որ մերոնք զիջում են վերջիններիս...», - այս արտահայտության հասցեատերը վերջերս Սիրիայից ներգաղթած մի պատկառելի անձնավորություն էր, որի հետ իմ վերջին զրույցը ինձ համար շատ փակագծեր բացեց...

Հարգելի´ ընթերցողներ, երբ խոսքը գնում է սփյուռքահայության մասին, մենք միանգամից սկսում ենք հիշել Շառլ Ազնավուրին, Քրքորյանին և նմանատիպ մի քանի մեծ հայերի` մոռանալով, որ նրանց հնարավորություններն անսահման չեն, առանց այն էլ նրանք Հայաստանի համար արել են անհնարինը, այսինքն՝ անմնացորդ նվիրվել են հայրենիքին: Հարց է ծագում, իսկ իրականում ինչպիսի՞ն է միջին դասին պատկանող սփյուռքահայության վերաբերմունքը, ի՞նչ են անում նրանք մեր երկրի զարգացման համար, չէ՞ որ այսօր սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, չէ՞ որ դա մի «ահռելի բանակ» է, որը ի զորու է ոտքի կանգնեցնել թեկուզ մեր տապալված տնտեսությունով երկիրը: Ես հասկանում եմ, որ այս հոդվածը հակասությունների հակասություն հարթության մեջ է, ուստի չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք կասեն` «...Էլ ի՞նչ անեն, տրանսֆերտներ են ուղարկում իրենց հարազատներին, քիչ է...»` մոռանալով Կոնֆուցիոսի լեգենդար արտահայտությունը. «Ձուկ մի տվեք, ձուկ բռնել սովորեցրեք»: Ես չէի անդրադառնա այս թեմային, եթե մամուլում չկարդայի, որ Բրատիսլավիայում սեպտեմբերի 6-8-ին տեղի է ունեցել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) 15-րդ հոբելյանական համագումարը, որտեղ քննարկվել են աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերները: Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ ինձ ճիշտ ընկալել, ես անշուշտ երախտապարտ եմ մեր սփյուռքին՝ իրենց շարունակական բարերարության համար, բայց միայն բարերարությունով հնարավոր չէ Հայաստանը ոտքի կանգնեցնել... Անհրաժեշտ են համարձակ պրոյեկտներ...

Հ.Գ.

Հարգելի և սիրելի սփյուռքահայություն, ժամանակն է եկել, որպեսզի մենք դասեր քաղենք համաշխարհային պատմությունից: Հեռու չգնանք, վերցնենք հրեաներին. Իսրայելում միշտ չի եղել այնպես, որ իսրայելցիները գոհ են եղել իրենց տվյալ ժամանակահատվածի իշխանություններից, բայց դա արգելք չի հանդիսացել, որպեսզի ԱՄՆ-ի կամ այլ երկրների հրեաները միահամուռ կերպով կցվեն Իսրայելի բարգավաճման գործընթացին: Մեր երկիրը հիմա այնպիսի վիճակում է, որ մենք իրոք ժամանակ չունենք սպասելու, թե  երբ կգան իշխանության այնպիսի ուժեր, որոնք հավատ կներշնչեն... Ըստ իս՝ հայրենիքին օգնելու գործում դուք ոչ մի արգելքի առաջ պետք է կանգ չառնեք և տասնապատկեք ձեր ջանքերը...

 

Կարեն Թումանյան

replik.am


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more