▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհասփյուռ ռամկավարների «ԱՊՏԱԿԸ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Դատելով Ֆրանսիայի Լիոն քաղաքում սեպտեմբերի 14-16-ին տեղի ունեցած աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության հերթական համագումարի որոշումներից, կարելի է փաստել, որ այս անգամ էլ ռամկավարների սփյուռքի ղեկավարությունն «ապտակ հասցրեց» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` չճանաչելով ամիսներ առաջ վարչապետի կողմից հիմնադրված ու Հակոբ Ավետիքյանի կողմից ղեկավարվող նոր ռամկավարներին և հրաժարվելով նրանց հետ որևէ գործ ունենալուց, գրում է «168 ժամ»-ը:

Թերթը հիշեցնում է, որ Հ. Առաքելյանն ամիսներ շարունակ լրատվամիջոցներին փաստեր ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա եղբոր կողմից «Նաիրիտ» գործարանում կատարված կոռուպցիոն գործարքների մասին: Այդ հրապարակումներից հետո Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով` ի պատասխան Հարություն Առաքելյանի կողմից «Նաիրիտում» տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների բացահայտումների, ՀՌԱԿ-ը ենթարկվեց բռնությունների` Դատախազության և Ոստիկանության կողմից, որոնք իրականացվեցին նաև 30-ից ավելի կուսակցական ղեկավարների հարցաքննություններով, իրավապահների կողմից եղան նաև Հ. Առաքելյանի դեմ ցուցմունք տալու պահանջներ: ՀՌԱԿ որևէ ներկայացուցիչ նման քայլի չգնաց: Այդժամ ուժային կառույցի ներկայացուցիչներն անցան նոր գրոհի, որն արտահայտվեց Առաքելյանի կողմնակից ընկերոջ ձերբակալությամբ, ՀՌԱԿ գրասենյակի, Հարություն Առաքելյանի և նրա ընկերների բնակարանների խուզարկությամբ և փաստաթղթերի առգրավմամբ: Այս ամենի արդյունքում` ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցեց նոր ՌԱԿ անունը կրող կուսակցություն, իսկ ատենապետ դարձավ վարչապետի մտերիմ մարդը` Հակոբ Ավետիքյանը: Ի դեպ` սկզբնական հայտարարություններում նշվում էր, որ նորաստեղծ կուսակցությունը պետք է ունենա ՌԱԿ (Հայաստան) անունը, բայց երբ այդ գաղափարի «ճարտարապետները» հասկացան, որ սփյուռքի կառույցն իրենց չի ճանաչելու, ապա ավելի առաջ գնացին և գրանցվեցին որպես ՌԱԿ` իրենց հռչակելով` որպես միակ ու օրինական ՌԱԿ և զբաղվելով ինքնաճանաչմամբ: Սա, ի դեպ, դարձյալ վարչապետի ոճով է` մեծ ու ճոխ անուններ, արդյունքում` հերթական փուչիկ մի կառույց, բարձրագոչ` ավանդական կուսակցության անվամբ: 
Ի սկզբանէ խաղը տարվում էր այնպես, թե Հ. Առաքելյանի ատենապետության ժամանակահատվածում ՀՌԱԿ-ը մեծ կորուստներ է ունեցել, իսկ հիմա, բացի նրանից, բոլորը համախմբվել են: Բայց բանը նրանում է, որ սփյուռքի ռամկավարների ղեկավարությունը կարողացավ հասկանալ վարչապետական բլեֆը և իր լիոնյան համագումարին անգամ չհրավիրեց Հայաստանի ՌԱԿ ղեկավարին: Այդ քայլով ռամկավարների համազգային կառույցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասկացրեց, որ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում կառույց չունի և ընդհանուր եզրեր չի կարող ունենալ վարչապետի քաղաքական «տեխնոպարկի» հետ: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հաշվեհարդարին` ՀՌԱԿ անունը վերացնելուն, քաղաքագիտական տեսանկյունից տգետ քայլ էր, քանի որ ՀՌԱԿ-ը Հարություն Առաքելյանի սեփականությունը չէր, այլ այն ուներ 21 տարվա պատմություն և անկախացած Հայաստանի առաջին կուսակցություններից մեկն էր, որ անցած ուղի ուներ: Պատահական չէ, որ վարչապետական այս նոր ռամկավարներին մաս չկազմեցին ժամանակին ՀՌԱԿ-ին միացած կուսակցությունները, ավելին` նույնիսկ Առաքելյանի հետ սուր հակասություններ ունեցող Էդվարդ Անտինյանն ու իր թիմակիցները: 
Այդպիսով կարելի է փաստել, որ Հայաստանի ՌԱԿ-ը, չունենալով աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության մեծ ընտանիքին մաս կազմելու հնարավորություն` համալրեց Հայաստանում գրանցված, բայց իրականում ընդամենը թղթի վրա գոյություն ունեցող շուրջ 70 կուսակցությունների շարքը: Իսկ «նոր ռամկավարների» ապագա և միակ դերակատարությունը հայտնի է բոլորին` գալիք նախագահական ընտրություններին հայտարարել ՀՀ գործող նախագահի պաշտպանության մասին, և վերջ:
Ի դեպ, հատկանշական է, որ Լիոնում կայանալիք համագումարից առաջ Հայաստանի ՌԱԿ ղեկավարությունն իր թիմակիցների հետ հանդիպեց Սերժ Սարգսյանին: Այդպիսով նրանք ցանկանում էին անուղղակի ճնշում գործադրել լիոնյան համագումարի պատվիրակների վրա` ցույց տալով, որ վայելում են Հայաստանի ամենաբարձր իշխանավորի աջակցությունը: Սակայն դա էլ չօգնեց նրանց, և հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանի ՌԱԿ ղեկավարն ու վարչապետը ստիպված են լինելու Սերժ Սարգսյանին պատասխան տալ, թե ինչո՞ւ նրա աջակցությունը չգնահատվեց, ավելի ճիշտ` արհամարհվեց ռամկավարների աշխարհասփյուռ կառույցի կողմից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more