«Այ քեզ խառնակիչ ու մանիպուլյատոր». Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանի մասին
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Նիկոլն ասում է, որ «…երբ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է Հայաստանի իշխանությունը: Դրա համար թող Լեռնային Ղարաբաղը ինքը բանակցի Ադրբեջանի հետ…»:
Այ քեզ բան, այ քեզ հայկական «պետության ղեկավար», այ քեզ անպատասխանատու մարդ, այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր… Մի՞թե կառավարության դավադիր քաղաքականության համար սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք կարող եք գտնել:
Իսկ ինչպե՞ս է, որ 1992թ-ից սկսած, երբ Հայաստանն էր բանակցում Ադրբեջանի հետ՝ Արցախում այդպիսի կասկածներ չեն եղել: Ընդհակառակը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին պարբերաբար այցելում Ստեփանակերտ և պաշտոնական Երևանի հետ ճշտում դիրքորոշումները: Որովհետև նախ և առաջ Հայաստանն էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Որովհետև Արցախում էր սկսվում և ամրապնդվում Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրը և անկախ պետականության հիմքերը: Հիմա Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը խարխլելուց հետո, հսկայական տարածքները՝ ստորագրությամբ թշնամուն հանձնելուց հետո, մուննաթ է գալիս, որ թող իրենք բանակցեն Բաքվի հետ, որպեսզի մեզ չկասկածեն…
Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականությունը ցինիզմի աստիճանի ցցուն է դարձել:
Բա որ մի օր արցախցիները որոշեն ու ցեղասպանական վտանգից խուսափելու համար, բոլորով միասին դուրս գան Արցախից, դուք հասկանում ե՞ք, որ հաջորդ օրվանից սկսած հայաթափվելու է նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը…
Դուք հասկանում ե՞ք, թե ի՞նչ աստիճանի անբարո քաղաքականություն եք վարում մեր խեղճ ժողովրդի ճակատագրի հաշվին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet