▲ Դեպի վեր

Saturday, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Այդ զիջումը մեզ դարձնում է հաշմանդամ պետություն․ Մարուքյանը՝ Բաքվի հետ համաձայնագրի մասին

ՀՀ իշխանությունները Հայաստանի թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար այնպիսի զիջում են պայմանավորվել, որը ոչ միայն խայտառակություն է, այլև Հայաստանը դարձնում է «հաշմանդամ պետություն»։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի վերջին երկու կետերի համաձայնեցմանը։

Ինչպես հայտնի է, Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության,– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկար ժամանակ ՀՀ-ն չէր համաձայնում այն կետին, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ չպետք է լինեն երրորդ ուժեր։

«Այդ երրորդ ուժերի տակ Ադրբեջանը պնդում է, որ պետք է հեռացվեն եվրոպացի դիտորդները, որոնք, գիտեք, զենք չունեն, դիտորդ են, հեռադիտակով նայում են։ Պայմանավորվել Հայաստանի Հանրապետության՝ թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար նման զիջում, ծայրահեղ խայտառակություն է, դա դարձնում է մեր պետությունը հաշմանդամ պետություն»,- ասել է Մարուքյանը։

Քաղաքական գործիչը նշում է՝ Սահմանադրությամբ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, հետևաբար իր ինքնիշխան տարածքում «ինչ կուզի, կանի»։

Սակայն այս համաձայնագրով ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար է ՀՀ-ն սահմանափակում այդ հնարավորությունը։

«Այս հայտարարություններն այն մասին են, որ սա կարող է նախադեպ դառնալ և հետագայում նաև, օրինակ, Թուրքիան պահանջի, որ հայ-թուրքական սահմանին ևս չպետք է լինեն երրորդ պետությունների ուժեր»,- նշել է Մարուքյանը։

Նա չի բացառում, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանի վերջին հաջողություններն են բերել նրան, որ մեր թշնամիներն արագացրել Հայաստանից զիջումներ կորզելու գործընթացը, որովհետև եթե Ռուսաստանի դիրքերը վերականգնվում են տարածաշրջանում, Թուրքիայի դիրքերն են նվազելու։

Շարունակելով համաձայնագրի «զիջումային» կետերի մասին խոսել՝ Մարուքյանը անդրադարձավ նաև միջազգային հայցերը փոխադարձաբար հետ հանչելու հարցին։

Հիշեցնում է՝ Հռոմի ստատուտը վավերացվում էր իբրև թե նրա համար, որ հնարավոր դառնար Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին հայց ներկայացնել միջազգային դատարան։

«Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ոչ մի գործ չի ներկայացվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հանցագործությունների մասին, և սրանով նաև հրաժարվում ենք, որ ապագայում կներկայացվի»,- ասել  է Մարուքյանը՝ ընդգծելով, որ սա ևս միակողմանի զիջում է։

Նա ընդգծել է, որ հենց հիմա Բաքվում ապօրինի դատավարություն է իրականացվում, բայց Ադրբեջանը մեզ պարտադրում է իրենց դեմ ներկայացված հայցերից հրաժարվել։ Մենք դա անելու ենք, իսկ Բաքուն շարունակելու է իր դատարաններում դատել հայերին։

Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more