▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլընտրանք չկա. Հայաստանը պետք է վճռական քայլ անի

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ծավալուն հարցազրույց է տվել EvrazesNews.ru լրատվականին, որտեղ, ըստ էության, ներկայացրել է ՌԴ վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների առնչությամբ:
Հարցազրույցում վերջինս կիսասպառնալից տոնով նշում է, թե ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, Հայաստանն ու Ռուսաստանը առավելապես կառաջնորդվեն սեփական շահերով:
Եթե Ռուսաստանում կարծում են, թե այդ դեպքում Հայաստանում խորը ցնցումներ կլինեն, չարաչար սխալվում են: Ու խնդիրը ոչ թե նրանում է, որ Հայաստանը չի ցանկանում ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ, այլ այն, որ Ռուսաստանն ի սկզբանե հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում էր` ցանկացած հարցում առաջնորդվելով սեփական շահերով: Ցավալիորեն պետք է փաստել, որ այս հարցում համոզվելու համար բազում օրինակներ կան:
Երկրորդ, մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի համար հսկայական կարևորություն ունի առաջին հերթին նրանով, որ Հայաստանը որպես սկզբունքային, ինքնուրույն և կայացած պետություն, պետք է ապացուցի, որ նույնիսկ նման լրջագույն իրավիճակներում առաջնորդվում է սեփական հետաքրքրություններով: Ավելին` Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման փուլին հասնելու համար, և այս իրավիճակում, Հայաստանը պետք է գործի այնպես, կարծես հետդարձի ճանապարհ չկա:
Ռուս դիվանագետը նույն հարցազրույցում խոսում է Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամության ու կապի մասին, մեջբերում հայ մտավորականներին` հիմնավորելու Հայաստանի ու Ռուսաստանի անխզելի կապը, սակայն մոռանում է այն կարևոր դրվագների մասին, երբ մեզ համար կարևորագույն պահերին Ռուսաստանը մեր հանդեպ, մեղմ ասած, ճիշտ չվարվեց:
Հենց միայն պատմական այն դրվագը, երբ 1921 թվականին հուլիսի 5-ին հրավիրվեց Կովբյուրոյի արտահերթ նիստ, որտեղ Ստալինի ճնշմամբ որոշվեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում` անտեսելով մեկ օր առաջ կայացված որոշումը, այն է` Ղարաբաղը մտցնել Հայկական ԽՍՀ կազմի մեջ, ցույց է տալիս, որ ռուս դիվանագետը, մեղմ ասած, չափազանցնում կամ անտեսում է շատ կարևոր իրողությունները:
Սա նաև շատ կարևոր դրվագ է` ֆիքսելու, որ Ռուսաստանն իր քաղաքականությունն իրականացնելիս միշտ էլ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով` անտեսելով դաշնակիցների շահերը, այն էլ` նման կարևորագույն պահերին:
Դեսպանն իր հարցազրույցում շատ կարևոր հարց է բարձրացնում. խորհուրդներից բացի, ի՞նչ իրական օգնություն է ցուցաբերել ԵՄ-ն Հայաստանին վերջին տարիներին: ԵՄ-ի ու ՌԴ-ի օժանդակությանը կարելի է առանձին անդրադառնալ, սակայն այս դեպքում փորձենք հարցին հարցով պատասխանել. Ի՞նչ ջանքեր է Ռուսաստանը վերջին 2 տասնամյակների ընթացքում գործադրել, որպեսզի ինտեգրացիոն պրոցեսների համատեքստում, Հայաստանն ուղղություն վերցնի դեպի Եվրասիական տարածություն: Միգուցե հենց այդ համատեքստում է ՌԴ-ն այս տարիների ընթացքում հետևողականորեն զենք մատակարարում մի երկրի, ով անընդհատ սպառում է պատերազմը վերսկսել, ներում մեծ թվով երկրների միլիարդների հասնող արտաքին պարտքը, իսկ ռազմավարական դաշնակցի 100 միլիոնի հասնող պարքտի դիմաց ռազմավարական ձեռնարկություններն իրենով անում, ավելին` դրանց ճնշող մեծամասնությունը կա’մ չի գործում, կա’մ գործում է չնչին հզորության սահմաններում:

Եվ վերջինը, ՌԴ-ն մեկընդմիշտ պետք է գիտակցի, որ ինքը որպես տարածաշրջանային գերտերություն մեզ համար ունի այնքան կարևոր նշանակություն, որքան Հայաստանն իր համար:
Այն, որ Հարավային Կովկասում ՌԴ միակ ռազմաբազան Հայաստանում է (Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման դադարեցումից հետո Հայաստանի դերակատարությունը այս համատեքստում էականորեն աճեց) խոսում է այն մասին, որ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար:

 

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամյան

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more