▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ազգը, որ իր սուրբ մեռելներին պաշտել չգիտե` ապրելու իրավունք չունի

Այսօր Հայրիկիս ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 50 տարեկան... Չգիտեմ, երբեք այսքան անձնական թեմայով չեմ կիսվել, խոսել ՖԲ-ի շրջանակներում, բայց այսօր ցանկացա խոսել: Գիտե՞ք՝ յուրաքանչյուր մարդ իր ծննդյան օրը մի բան ցանկանում է. ես էլ այսօր ինձ իրավունք եմ վերապահում և Հայրիկիս փոխարեն մի բան եմ ցանկանում, որ մեր ազգը ճանաչի, հարգի ու միշտ հիշի իր իսկական հերոսներին: Ցավոք, մեր իրականության մեջ հիմա այնքան շատ են շինծու հերոսները, որ իրական հերոսները մոռացվել են, ու դա շատ ցավալի է, որովհետև իրական հերոսները նրանք են, ովքեր կռվի ժամանակ թողեցին իրենց տունը, ընտանիքը և կամավոր մեկնեցին ռազմաճակատ՝ պաշպանելու իրենց հայրենիքը՝ հանուն նրա չխնայելով աշխարհում ամենաթանկ բանը` կյանքը:

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. հերոսները չկան, մոռացված են, նրանց ընտանիքները, հարազատները շարունակում են այդ ցավով ապրել: Թող ոչ ոք չփորձի ինձ հակառակը համոզել: Ես լավ գիտեմ, թե ինչ եմ ասում, ես եմ շարունակում ապրել այդպես արդեն քսան տարի, բայց հիմա իմ մասին չէ, որ կցանկանայի խոսել: Եղել են շատ զիվորներ, ովքեր մինուճար զավակ էին, իսկ հիմա նրանց ծնողները մոռացված, լքված են.. Հարցը նրանում չէ, որ միայն պետության կողմից, այլ առհասարակ՝ բոլորի կողմից:

Մեր հերոսների մայրերը շարունակում են սփոփանքի, ուշադրության կարիք զգալ. նրանցից շատերը դեռևս չեն հաշտվել կորստի հետ: Շատերի շիրիմին հիմա գնացող չկա, գոնե մի ծաղիկ տանող չկա, որովհետև շատերի ծնողները հիմա կամ շատ ծեր են կամ կենդանի չեն... Իսկ ինչ վերաբերում է այն կռվող տղաներին, ովքեր ետ են վերադարձել, նրանք գուցե հիմա ապրում են, բայց երբ նայում ես այդ մարդկանց, զգում ես, որ հոգով մեռած են, միայն ֆիզիկապես են ողջ: Մեծ ցավ եմ ապրում, երբ զրուցում եմ հորս մարտական ընկերների հետ ու նրանք այս տողերն են մեջբերում՝ «Խի՞ մենք հիմա նրանց հետ չենք, խի՞... ու՞մ ենք մենք պետք այստեղ...»: Մի քիչ ուշադրություն, ոչինչ ավելին... Ո՛Չ, խոսքը նյութականի մասին չէ, այլ՝ հոգևորի, մարդկային անկեղծ, սրտացավ վերաբերմունքի... Աստված մի արասցե, եթե դաժան ճակատագիրը կրկնվի, արդյո՞ք մենք մեր հերոսների նման հերոսներ կունենանք... Ներկայիս սերունդը տեսնում է վերաբերմունքը... Հարկավոր է օրինակ ծառայել մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու համար: Ու դա հենց իմ նկարագրած վերաբերմունքի վառ արտահայտությունը կլինի: Մի դեպք եմ ցանկանում պատմել, որ մինչև օրս երբեք չեմ մոռանում՝ չնայած նրան, որ փոքր երեխա էի: Մայրիկիս հետ Թեհրանում էի: Ճանապարհին մեր դիմաց մի բարձրահարկ շենք հառնեց, որի ամբողջ երկայնքով տղամարդու պատկեր էր: Հետաքրքրեց: Մեր հարցին պատասխանեցին, որ նկարում պատկերված տղամարդն իրենց հերոսներից է, ով կռվել է հանուն հայրենիքի: Փողոցը նրա անունով էին կոչել, ու բոլորի շուրթերին միայն հերոսացնող կոչումներ էին նրա անձի վերաբերյալ: Խոսքս կավարտեմ Նժդեհի տողերով: Հուսամ՝ կհասկանաք. «Այն ազգը, որ իր սուրբ մեռելներին պաշտել չգիտե, ապրելու իրավունք չունի»:

Շնորհակալություն ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ համար:

Վարդան Մնացականյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more