▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն մասին, թե ինչպես Լիսկան դաժան ծեծի ենթարկեց 16-ամյա «հանդուգն» պատանուն.WikiLieks

 

Wikileaks կայքում հրապարակվել է մի փաստաթուղթ, որը թվագրված է 2008-ի հունիս ամսով: Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Պետդեպարտամենտին ներկայացնում է պատմություն այն մասին, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դաժան ծեծի ենթարկել իր որդու հասակակցին, եւ թե ինչպես են Հայաստանի պետական մարմինները կոծկել հանցանքը: Փոխանցում է ilur.am-ը:

Դեսպանության գաղտնի աղբյուրը վերջերս տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ապրիլի վերջին իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկել 16-ամյա մի պատանու՝ որպես վրեժ իբրեւ թե վերջինիս կողմից իր որդուն ծեծի ենթարկելու դիմաց: Գորիսի ուսուցիչների միության նախագահ Արտաշես Թորոսյանը ասել է, որ պատանին իրենց ՀԿ-ի անդամներից մեկի որդին է: 

Թորոսյանի խոսքերով մարզպետը պատանուն կանչել է իր մոտ այն բանից հետո, երբ վերջինս կռվել է իր որդու հետ: Կռվի պատճառը եղել է այն, որ պատանին փորձել է փողոցում կասեցնել մարզպետի որդու անպատշաճ գործողությունները մի աղջկա նկատմամբ: Մարզպետը հանդիմանել է տղային՝ իր որդու վրա ձեռք բարձրացնելու համար, եւ երբ պատանին չի զղջացել կատարվածի համար, մարզպետը հարվածել է նրան: Հարվածից տղայի քթից սկսել է ուժգին արյունահոսել: Մարզպետը թաշկինակ է առաջարկել տղային՝ արյունահոսությունը դադարեցնելու համար, բայց տղան մերժել է: Պատանու հանդգնությունից կատաղած մարզպետը դաժանաբար ծեծել է նրան:

Հարձակումից հետո տղայի ընտանիքը ստիպված է եղել չորս ժամվա ճանապարհ անցնել՝ նրան Գորիսից Երեւան տեղափոխելու եւ այնտեղ առաջին բուժօգնություն տրամադրելու համար, քանի որ մարզպետը արգելել է մոտակա որեւէ հիվանդանոցում նրան օգնություն տրամադրել: Տղան դուրս է գրվել հիվանդանոցից մի քանի օր անց, եւ, ըստ մեր աղբյուրի, բավական ճնշված եւ հյուծված տեսք ուներ:

Անչափահասի ընտանիքին ահաբեկելով՝ ստիպել են չբողոքել մարզպետի դեմ, բայց ըստ դեսպանատան աղբյուրների՝ ողջ Գորիսը գիտի, թե ինչ է տեղի ունեցել  (այս հատվածում շեշտվում է, որ տուժած պատանու մայրը ուսուցչուհի է եւ USAID-ի կողմից ֆինանսավորվող մի կազմակերպության անդամ: Եվ այն փաստը, որ նման մարդը հրաժարվում է հրապարակայնացնել իր որդու դեմ կատարված հարձակումը, վկայում է այն մասին, թե որքան խոցելի է տուժածի ընտանիքը այս պարագայում):

Աղբյուրը նշել է նաեւ, որ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը իր տեղակալին հրամայել է հետաքննություն սկսել՝ պարզելու դեպքի վերաբերյալ մամուլում հայտնված հրապարակումների իսկությունը: Քննությունն ավարտվել է մայիսի սկզբներին՝ փաստելով, որ ծեծ տեղի չի ունեցել»:   

Նյութին կից մեկնաբանությունում նշվում է, որ Հայաստանում հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից իրականացվող բռնության դեպքերը, որոնք իրավապահների կողմից «հանգիստ» անտեսվում են կամ կոծկվում: 

«Զարմանալի չէ, որ միջին հայաստանցին շատ քիչ է վստահում իրավապահ մարմիններին եւ ավելի քիչ՝ ընտրովի կամ նշանակովի պաշտոնյաներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more