▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս գիշեր բարեբախտաբար լուրջ կորուստներ չունեցանք». Փոխնախարար

 Նախօրեին  ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով զգուշացնում էր առաջիկա գիշերվա ցրտահարության մասին, միաժամանակ խորհուրդ տալով վնասներից խուսափելու համար  այգիներն ու բանջարանոցները առատ ոռոգել կամ կայուն ծխահարել: Ցրտահարության հնարավոր դեպքերի, վնասերի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

«Այս  գիշեր մենք բարեբախտաբար լուրջ կորուստներ չունեցանք: Կարելի է ասել` վնասներ չենք կրել: Սակայն նախորդ գիշեր գրանցվեցին որոշ  վնասներ` հատկապես  Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում և Արմավիրի մարզի էջմիածնի տարածաշրջանի առանձին համայնքներում: Իհարկե, նշված տարածքներում դա համատարած բնույթ չի կրում: Խոսքն առանձին համայնքների   և առանձին հողակտորների մասին է:  Գոգավորությունների վրա, ավելի ցածրադիր հատվածներում  գրանցվել է հողի մակերևույթի –1 աստիճան:   Մասամբ տուժել են կարտոֆիլի, լոբազգիների և  բանաջարանոցային որոշ մշակաբույսերի ցանքերը: Առանձին համայքներում նաև խաղողի այգիներում կան մասնակի վնասներ»:

Ի պատասխան այն հարցին` թե արդյոք նշված վնասները որևէ ձևով կանդրադառնա՞ն բերքատվության  վրա, փոխնախարարը պարզաբանել է.

«Շատ կարևոր է, որպեսզի բնակլիմայական աղետներից հետո ճիշտ ագրոտեխնիկա կիրառվի: Նման իրավիճակներում  առանձին միջոցառումներ են իրականացվում, որոնք կարող են շատ արագ վերականգնել հնարավոր կորուստները: Շատ բան դրանից է կախված: Եթե ոչինչ չարվի, բնականաբար կորուստներ կլինեն, իսկ համապատասխան միջոցառումների իրականացման դեպքում դրանք կհասցվեն նվազագույնի»

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մարզային կենտրոնների մասնագետների աջակցությամբ խորհուրդներ է տալիս  գյուղացիներին` ժամանակ առ ժամանակ նաև հնարավոր վնասներից խուսափելու ցուցումներ տարածելով:

Փոխնախարարի խոսքով` նախորդ  տարին շատ ավելի բարենպաստ էր, ավելի կայուն էին ընթանում ջերմաստիճանային ռեժիմի  փոփոխությունները:

«Այս տարի կտրուկ փոփոխությունները շատ էին: Մարտ ամսին, անգամ փետրվարի սկզբին անսովոր բարձր ջերմաստիճան էր, ապրիլի սզբին`  անկում, կրկին բարձրացում: Նման շեղումները բանկանաբար ցանկալի չեն և դժվարություններ են ստեղծում:  Սակայն սա աննախադեպ չէ: Հորդառատ անձրևներով, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով տարիներ եղել են: Պետք չէ զարմանալ,  պարզապես պետք է ցանկացած իրավիճակում համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more