▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շիլաշփոթի իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու. Նավասարդ արք. Կճոյան

Այսօր առավոտյան Asekose.am-ի թղթակիցը Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու բակում, պատարագին ժամանելիս, մոտեցել է և մի քանի հարց ուղղել վերջերս «օֆշորային սկանդալի» կենտրոնում հայտնված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին:

 

- Ինչպես կմեկնաբանեք օֆշորային պատմությունը, որում շրջանառվում է նաև Ձեր անունը և , ըստ Ձեզ, ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ այդ խնդիրը, որն արդեն  բազում շահարկումների առիթ է տվել:

 

- Կարող եմ ասել մի բան՝ երկու գործարարներ, իրենց հարաբերությունների ճշտման գործընթացում ներգրավել են ինձ և, ոչ ավելի, ոչ պակաս, երկրի վարչապետին, ընդ որում՝ առանց մեր իմացության: Այս գործը համակողմանի ուսումնասիրման և բացահայտման կարիք ունի:

- Կայքերից մեկը  երեկ փաստաթղթեր հրապարակեց, որոնցում այդ նույն կիպրոսյան կազմակերպության հիմնադիրների շարքում ձեր անունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը: Աշոտ Սուքիասյանն իր հայտնի նամակում ստե՞լ է, որ ինքը Կիպրոսում Ձեր եւ ՀՀ վարչապետի անունով օֆշորային կազմակերպություն է գրանցել: 

- Այո, երեկ ծանոթացել եմ այդ հրապարակմանը, սակայն ինձ համար որոշ անհասկանալի հարցեր կան․ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնական հարցման պատասխանն ու լրագրողական նյութերում առկա՝ պաշտոնական կայքի տեղեկությունները իրարամերժ են: Երկրորդը, եթե, իրոք, մեր (Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի - Asekose.am) անուններն ի սկզբանե որևէ կերպ կապված չեն եղել այդ կազմակերպության հետ, ինչո՞ւ էր Աշոտ Սուքիասյանը հայտարարում, թե ինքն է մեր անունները գրանցել: Կամ, եթե ձեր ասածի պես հայտարարությունը տարածողն ինքը չէր, ինչո՞ւ չի հերքում դա: Մի խոսքով, սրանք բոլորը հարցեր են, որոնք, համոզված եմ, կստանան իրենց պատասխանները: Բայց մի բան ակնհայտ է․ այս շիլաշփոթի իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու:

Ինձ համար մի պարզ ճշմարտություն կա․ ես որևէ մեկին երբևէ չեմ լիազորել իմ անունն օգտագործել ինչ-որ կազմակերպություններ գրանցելիս: Ցավում եմ, որ հասարակության և լրագրողների մի հատված ամեն գնով փորձում է ինձ վերագրել մի բան, որի հետ որևէ առնչություն չունեմ: Կարծում եմ՝ ավելի մանրամասն կզրուցենք մի այլ առիթի դեպքում, իսկ հիմա, շնորհակալություն, հրավիրում եմ ձեզ մասնակցելու սուրբ պատարագի:

 

Լուսանկարները` Asekose.am-ի, ինչպես նաև slaq.am կայքից, որ երեկ ներկայացրել էր  «օֆշորային սկանդալի» վերաբերյալ մի փաստաթուղթ ու նշել, որ դրանից  պարզվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կապ չունեն օֆշորային գոտում բիզնես ունենալու հետ:

72157634405170646

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more