▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

1842 թվականի մարտի 3-ին ծնվել է  հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը:  Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցել է հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Նա է հովանավորել Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել  Թիֆլիսում,  Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում  ու  Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում, Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more