▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեկամության մասին. Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Բարեկամը նա է, ով չի դատում: Բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը: Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը:

Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։

Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ: Այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց։

Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։ Այն, որ բարեկամս լինելով, սիրո հետ միասին ինձնից ստանում է, կարծես իմ ներքին թագավորության դեսպանը լինի։ Եվ ես նրան քնքշորեն ընդունում եմ, նստեցնում ու լսում եմ նրա խոսքը։ Եվ մենք միասին երջանիկ ենք։
Մի՞թե դու երբևէ տեսել ես, որ ես, ընդունելով դեսպաններին, նրանց վրա ուշադրություն չդարձնեմ կամ որևէ բանում մերժեմ միայն նրա համար, որ իմ տերությունից հազարավոր օրեր տևող ճանապարհի ծայրին գտնվող նրանց հեռավոր թագավորության խորքում մարդիկ սնվում են կերակուրներով, որոնք իմ ճաշակով չեն, կամ էլ նրանց և իմ սովորույթները նման չեն միմյանց։

Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով: Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։

Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։
Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։

Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք վայրի խորտակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more