▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարոյական չէ անձնական կամ այլ շահեր հետապնդելով հանիրավի մեղադրել ու վիրավորել մարդուն

Երևանի քաղաքապեի տեղակալ Դավիթ Օհանյանն անդրադառնալով Բագրատունյաց 8 հասցեում վերգետնյա անցման կառուցման աշխատանքների հետ կապված համացանցում և որոշ ԶԼՄ-երում բնակիչների հնչեցրած դժգոհություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բագրատունյաց 8 հասցեում վերգետնյա անցման կառուցման աշխատանքների հետ կապված համացանցում և որոշ ԶԼՄ-երում բնակիչների հնչեցրած դժգոհություններին տեղում ծանոթանալու նպատակով երեկ այցելել էի նշված հասցե և հանդիպել տվյալ հասցեում բնակվող այն բնակիչների հետ, ում վերգետնյա անցման կառուցումը որոշակի անհարմարավետություն է պատճառում: Նույն օրը երեկոյան սույն հանդիպման մասին news.am լրատվական կայքը ներկայացրել է «Եթե մարմնավաճառներին դիմացել եք, կամուրջին էլ կդիմանաք. փոխքաղաքապետի մտքի փայլատակումը» վերնագրով տեղեկատվություն, որում լրագրողը, ըստ էության, խեղաթյուրել է իմ կողմից արտահայտած խոսքերն ու ինձ վերագրել մտքեր, որոնք ես չեմ ասել: Ավելին, տեղեկատվության հետ միասին տարածվել է նաև տեսանյութ, որը հստակ ապացուցում է, որ ինձ վերագրվող արտահայտությունն իրականում գոյություն չունի: Իմ ուղիղ խոսքում ես ասել եմ, որ այստեղ շատ ավելի վատ բաներ են կատարվել, նկատի ունենալով մարդկային զոհերի բերած ավտովթարների վիճակագրությունը, ինչը լրագրողի կողմից մեկնաբանվել է կամայական, ինչն իր հերթին առաջացրել է ընթերցողների՝ այս պարագայում միանգամայն արդարացի զայրույթը: Շուրջ 17 տարի որպես համայնքի, այնուհետ վարչական շրջանի ղեկավար աշխատած տարիների իմ փորձը, այդ ընթացքում բնակիչների հետ ամենօրյա իմ շփումների փորձառությունը, նրանց շրջանում ունեցած իմ հեղինակությունը ոչ մի կերպ ինձ թույլ չէին տա նման անհեթեթ ու անհարգալից վարքագիծ դրսևորել բնակչի նկատմամբ: Առնվազն բարոյական չէ անձնական կամ այլ շահեր հետապնդելով, միջոցների մեջ խտրություն չդնելով և դրանով իսկ խաղալով հանրության զգացմունքների հետ, հանիրավի մեղադրել ու վիրավորել մարդուն, փորձել վարկաբեկել նրա հեղինակությունը: Իմ հանդեպ մարդկանց ունեցած հարգանքն ու հեղինակությունը ես վաստակել եմ տարիների ազնիվ աշխատանքով: Երիտասարդ լրագրողին էլ խորհուրդ կտայի զերծ մնալ այսօրեական ինչ-ինչ գայթակղություններից և սեփական կենսագրությունն ու աշխատանքային ուղին զերծ պահել ստից ու կեղծիքից: Հարգելիս, հավատա իմ փորձին ու կհամոզվես, որ ազնվությունն ուղղակի այլընտրանք չունի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more