▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի կրկնակի հարվածը ՀԱԿ-ին

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանը երեկ խոսեց մի թեմայով, որը ամիսներ շարունակ ոչ միայն լրատվամիջոցների քննարկման կիզակետում էր, այլ ուղենշում է ԲՀԿ-ի հետագա գործունեության հիմնական ուղղությունը: «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին»:
Գնահատելով ԲՀԿ լիդերի անկեղծությունը, հանուն արդարության պետք է ընդգծել, որ մինչ այդ էլ ԲՀԿ տարբեր կալիբրի գործիչները բացառապես խոսում էին ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու հնարավորության մասին, ոչ ավելին: Ողջ քաղաքական դաշտում միայն մեկ ուժ կար, ով իր հայտարարություններում ամեն կերպ փորձում էր ԲՀԿ-ին ներկայացնել ընդդիմադիր դաշտում՝ ՀԱԿ-ը:
Այդ տեսանկյունից, Գ. Ծառուկյանի հայտարարությունը առաջին հերթին ծանր հարված էր ոչ թե ԲՀԿ այն թևին, որ հանդես էր գալիս առավել կոշտ դիրքերից ու ԲՀԿ-ի տեղը տեսնում էր ընդդիմադիր դաշտում, այլ ՀԱԿ-ին, որի հաշվարկներում Ծառուկյանի անկեղծությունը չէր տեղավորվել:
Եվ որքան էլ ՀԱԿ տարբեր գործիչներ փորձեն յուրովի մեկնաբանել ԲՀԿ առաջին դեմքի հայտարարությունը, կարծում եմ՝ առանձնապես մեկնաբանությունների և փակագծեր բացելու կարիք չկա, քանզի ամեն ինչ առանց այդ էլ շատ պարզ է:
Մյուս կողմից, անհասկանալի է Գ. Ծառուկյանի այն ձևակերպումը, թե «ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել, ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին»:
Ընդդիմություն լինել չի նշանակում վնասել պետության զարգացմանը կամ հարված հասցնել պետական շահերին: Զուտ քաղաքագիտորեն ևս, ընդդիմությունը առաջին հերթին իրականացնում է գործառույթներ, որոնք ոչ միայն նպաստում են քաղաքական համակարգի բնականոն զարգացմանը, այլև առավել արդյունավետ են դարձնում իշխանության գործունեությունը:
Ի դեպ, այս ձևակերպումը ԲՀԿ-ի երկրորդ հարվածն էր ՀԱԿ-ին (ու այն ուժերին, ովքեր իրենց ընդդիմություն են հռչակել), քանզի ԲՀԿ-ն հայտարարում է ոչ միայն իր՝ ընդդիմադիր դաշտում գտնվելու անհնարության մասին, այլ անհասկանալի ձևակերպումներ հնչեցնում ընդդիմության գործունեության իր պատկերացումների մասին:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more