▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի

Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջնականապես համոզվեցին, որ վարչապետի փոփոխություն չի սպասվում: Իսկ դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ նոր ձևավորվող կառավարական կոալիցիայի անդամ, քանի որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա՝ հայտարարելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի կառավարության և նրա ղեկավար Տիգրան Սարգսյանի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության հետ: Եթե հնարավոր չէ մտնել կոալիցիա, ապա պետք է ամբողջ ուժով և եռանդով քննադատել կառավարությանը:

168.am-ն է գրում ու նշում, որ այսօր, Սերժ Սարգսյանի հարցազրույցին ի պատասխան, խորհրդարանում հայտարարությունների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները քննադատության հերթական տարափը թափեցին Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության մերկ գլխին: Իսկ ինչո՞ւ մերկ, քանի որ, գրեթե համարժեք պատասխան չստացան ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական կառավարամետ պատգամավորների կողմից:

ԲՀԿ-ական Վահան Բաբայանը վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունները՝ հայտարարեց, որ արտագաղթի նոր ռեկորդներ է սահմանում, քանի որ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին երկրից մեկնածների և ժամանածների տարբերությունը 22 հազար հարյուր մարդ է, ինչն աննախադեպ ռեկորդ է: Ըստ Բաբայանի՝ հուսահատվածների և այս կառավարությունից ակնկալիք չունեցողների քանակն օրեցօր ավելանում է, իսկ որպես ստեղծված անհուսության վիճակի գլխավոր պատասխանատու՝ Բաբայանն անվանապես համարեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Այս կառավարությունն իր ծրագրով երկիրը տարել է փակուղի»,- հայտարարեց Բաբայանը:

Բաբայանը կարծում է, որ փոխանակ սահմանամերձ գյուղեր այցելելու՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ավելի հաճախ կարելի է տեսնել ռոք ակումբներում և ռոք համերգներում: «Տիգրան Սարգսյանի վերանշանակումն ուժգին ապտակ կլինի մեր հասարակությանը առաջիկա տարիների համար»,- ասում է Բաբայանը:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ ծաղրի առարկա դարձրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը»: Նա խորհրդարանի ամբիոնից պատմում էր, որ վերջերս իրենից մի կին մեկ պարկ ալյուրի գումար է խնդրել, քանի որ որդուն երրորդ անգամ են տուգանել, և իրենք վաճառած կարտոֆիլի, հաճարի ու իր ստացած թոշակի գումարով հազիվ կարողացել են վճարել արագաչափերի արձանագրած խախտումները և արդյունքում՝ տանն ուտելու հաց չի մնացել: «Ավելի լավ է տղաս ավարյա տար մեռներ, քան տուգանվեր, գոնե թոռներս ուտելու հաց կունենային»,-  պատգամավորին ասել է գյուղացի կինը՝ նկատի ունենալով, որ տուգանքի արդյունքում՝ սովամահության եզրին են հասել տան բոլոր բնակիչները`մեծից փոքր: «Գողանում ենք, թալանում ենք, մարդկանց մղում ենք արտագաղթի և գողության,- ասում է Լյովա Խաչատրյանը, և որպես ստեղծված վիճակից ելք՝ առաջարկում է,- Եկեք ավարտենք հայկական աշխարհի շուրջ համախմբվելը»:

ՀՀԿ-ականները փորձեցին ինչ-որ պատասխան տալ այս մեղադրանքներին, բայց այդ պատասխանը չափազանց մշուշոտ և անհասկանալի էր: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը՝ խոսելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների մասին, ասաց. «Ասելիք չունեցող առանցքի շուրջ համախմբում չի լինում»:  Քանի որ ԲՀԿ-ն է առաջարկել իր առանցքի շուրջ համախմբվել, Ավագյանի խոսքից կարելի էր ենթադրել, որ ասելիք չունեցողը ԲՀԿ-ն է: Բայց ԲՀԿ-ականների քննադատությունը չափազանց բացահայտ և անվանական էր, իսկ ՀՀԿ-ականի պատասխանը՝  մանվածապատ և ենթատեքստով:

Երբ իշխանությանը քննադատում էր ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը», ՀՀԿ-ականները կարողանում էին բացահայտ և անվանական պատասխան տալ այդ քննադատությանը, բայց երբ դա անում է ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ականներն ակնհայտորեն կաշկանդվում և կոմպլեքսավորվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more