▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բիզնես» հոգեբանութեամբ դաստիարակուած եկեղեցականները կառավարելու տրամադրութիւնը և ժամանակը չունիմ

1in.am-ը հրապարակել է Ֆրանսիայի թեմի արդեն նախկին առաջնորդ Նորվան արքեպսկ․ Զաքարյանի Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված հուլիսի 1-ի թվակիր նամակը, որում նա հայտնել է իր հրաժարականի մասին։

Նամակի բովանդակության ծանրակշիռ լինելը շատերի մոտ առաջացրել է այն մտավախությունը, թե դրա հրապարակումը կարող է անկանխատեսելի բացասական հետևանքներ ունենալ։ 1in.am-ն այս առիթով նշել է, որ նամակը   հրապարակում է առանց դույզն-իսկ կասկածի դրա անհրաժեշտության մեջ. արդեն այն շրջանառության մեջ է, և շատերը տեղյակ են դրա բովանդակությանը։

Փարիզ, 1 Յուլիս 2013

Նորին Սուրբ Օծութիւն
Տ.Տ. Գարեգին Բ.
Ծայրագոյն պատրիարք և կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Վեհափառ Տէր,

Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ:

Ամենէն վերջինը, 29 Յունիս 2013-ի դէպքն էր: Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի եւ եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետեւեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.- «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք.- «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:

Վեհափառ Տէր, «բիզինես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը:

Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն:

Մեկնելով այս իրավիճակէն, այսու կու գամ Ձերդ Վեհափառութեան տեղեկացնելու թէ, 1 Նոյեմբեր 2013-էն սկսեալ, կը հրաժարիմ Ֆրանսայի Հայոց Թեմի պաշտօնէս, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի հանգամանքէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամութենէն:

Կը հրաժարիմ մէկ Նոյեմբերին, պարզապէս անոր համար որ յառաջիկայ Թեմական Պատգամաւորական ժողովը պիտի գումարուի Շաբաթ 19 Հոկտեմբեր 2013-ին, այսպիսով պատգամաւորները ժամանակ կ՚ունենան իրենց առաջնորդը ընտրելու որուն կրնամ փոխանցել բանալիներն ու փաստաթուղթերը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ սպասաւոր,

Նորվան Արք. Զաքարեան

 

Լուսանկարն`  1in.am-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more