▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչներին ալյուրով է համոզելու.«Ժողովուրդ»

ՀՀ Սյունիքի մարզի 180 բնակիչ ունեցող Շուռնուխ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մարտի 15-ին կմրցակցեն երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հակոբ Արշակյանը եւ ԲՀԿ-ական Գավրուշա Հակոբյանը: Տեղեկացնենք, որ երկու թեկնածուներն էլ առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Գյուղապետի ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ:

 -Այս օրերին ի՞նչ նախընտրական մթնոլորտ է գյուղում:

-Բոլորի մոտ նախընտրական տրամադրություն է: Հեռու մեզանից, լարվածություն չկա: Հակառակը՝ մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացել, որովհետեւ նախկինում երկրորդ մրցակից թեկնածու չի եղել, այս պատճառով անհետաքրքիր է անցել: 

-Պարո՛ն Արշակյան, այս անգամ մրցակցելու եք ԲՀԿ-ական թեկնածուի հետ...

-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ, իսկ նա՝ ԲՀԿ-ական: ԲՀԿ-ն մեկ պասիվանում է, մեկ էլ՝ ակտիվանում, տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում:

-Ձեր մրցակցին ճանաչո՞ւմ եք:

-Ինքը մեր գյուղի մեխանիզատորն է: Հարմար տղա է: Տարիներ առաջ նախկին գյուղապետի հետ մրցակցել է, բայց պարտվել:

-Ինչպե՞ս է նա համոզում բնակիչներին:

-Իրենց տրակտորները գյուղ են գալու ալյուրով, ամեն ինչով: Չէ որ ինքը «Բարգավաճ Հայաստան»-ից է: Դե, ես էլ պատրաստվում եմ գնամ, հերթագրվեմ (ծիծաղում է-Ս.Հ.): Գորիսի տարածաշրջանի գյուղերից մեկում՝ Վերիշենում, նախորդ ընտրություններին երկու տրակտոր բերեցին, բայց ընտրությունից  հետո կրկին հետ տարան: Չնայած որ գյուղերին անհրաժեշտ են այդ տրակտորները: Խոսակցություններ են պտտվում, որ խոստացել են գյուղին տրակտոր, իսկ մարդկանց ալյուր տալ: Անձամբ չգիտեմ, չեմ ուզում հավատալ:

-Մյուս թեկնածուն պատրաստվում է տրակտորներով բնակիչներին համոզել, Դուք ի՞նչ եք անելու:

-Ես ինչ պետք է անեմ: Առաջին տարին չէ, որ գյուղապետ եմ, արդեն յոթը տարի է, ինչ մարդիկ ինձ ճանաչում են: Ամեն դեպքում, ես իրենց հետ եմ, ամեն ընտանիքի մի երրորդ տղան էլ ես կարող եմ կոչվել:

-Այնուամենայնիվ, նա ԲՀԿ-ական է, Դուք՝ ՀՀԿ-ական...

-Այս ընթացքում իմ ընկերոջ կնոջը մի տարեց կին փողոցում կանգնեցնում է ու համոզում, որ իր ձայնը տա ԲՀԿ-ական թեկնածուին: Օրեր անց նույն տարեց կինը կրկին փողոցում կանգնեցնում է այս անգամ եղբորս կնոջը ու համոզում, որ իր ձայնը տա ԲՀԿ-ական թեկնածուին: Նման բաներ անում են: Դե, ոչինչ, թող անեն: Երկու ագիտատոր ունեն իրենց տան բակում, սպասում են, թե երբ է փողոցով մարդ անցնելու, որ անմիջապես կանչեն ներս, սուրճ, թեյ հյուրասիրեն ու համոզեն: Բայց, չէ որ չենք կարող «Կենտրոն» հեռուստաընկերությունը նայել ու դրանով միայն ոգեւորվել:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more